08/06/2022 12:33
Արամ Սիմոնյանի հարազատները չեն համաձայնելու նրա մահվան հիմքով քրեական հետապնդման դադարեցմանը, պայքարը շարունակվելու է մինչև վերջ. Փաստաբաններ
«Արամ Սիմոնյանի հետ պատիվ ենք ունեցել ծանոթանալու 2018 թվականից հետո, ցավոք, այնպիսի հանգամանքներում, որոնք չպետք է առնչություն ունենային նրա կարգի մարդուն։ Քրեական գործ, մեղադրանք, խափանման միջոց հասկացություններն ու Արամ Սիմոնյանի անձը պարզապես անհամատեղելի էին։
Անհնար էր նրա հետ անգամ քննարկել իրեն առաջադրված մեղադրանքը, ամոթ էր պարզապես։ Համապատասխան արժեքներով ապրող ու դրանց հավատացող մարդ լինելով, Արամ Սիմոնյանն այդպես էլ հրաժարվեց հասկանալ, որ մարդուն կարելի է հանիրավի մեղադրել, կարելի է պատվերով քննություն նախաձեռնել, պարզել, որ քննելու որևէ բան անգամ գոյություն չունի, բայց շարունակել հետապնդումները։
Ցանկանում ենք տեղեկացնել հանրությանը, որ Արամ Սիմոնյանի հարազատները չեն համաձայնելու նրա մահվան հիմքով քրեական հետապնդման դադարեցմանը, պայքարը շարունակվելու է մինչև վերջ, մինչև Արամ Սիմոնյանի անմեղությունը հաստատող ակտի կայացում», - ասված է փաստաբանների հայտարարությունում։
Հիշեցնենք՝ 2020 թվականի սեպտեմբերի 17-ին Քննչական կոմիտեն հայտարարությամբ հանդես եկավ՝ նշելով, թե ԵՊՀ նախկին ռեկտոր Արամ Սիմոնյանին մեղադրանք է առաջադրվել առանձնապես խոշոր չափերով վատնում կատարելու համար։
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Երևանի պետական համալսարանի նախկին ռեկտորին մեղադրանք էր առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի (յուրացնելը կամ վատնելը) 3-րդ մասի 1-ին կետով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին: