08/06/2022 21:12
Արցախի ԱԺ ընդդիմադիր խմբակցություններն ու կուսակցությունները հրաժարվել են հանդիպել Էդմոն Մարուքյանի հետ
«Արցախի Ազգային Ժողովի բոլոր ընդդիմադիր խմբակցություններն ու կուսակցությունները՝ «Արդարություն» խմբակցությունը, Դաշնակցություն և «Ազգային ժողովրդավարություն» կուսակցությունները մերժեցին Փաշինյանի հատուկ հարցերով հանձնակատար Էդմոն Մարուքյանի հետ հանդիպումը»,- «Փաստինֆո»-ին ասել է Արցախի «Արդարություն» կուսակցության համանախագահ Հակոբ Հակոբյանը։
Նա նշել է, որ այսօր Արցախում բնակվող յուրաքանչյուր անձ, եթե ոչ թշնամաբար, ապա՝ շատ վատ է վերաբերում բոլոր այն անձանց, ովքեր չեն կարողանում կամ չեն ցանկանում հստակ բարձրաձայնել, որ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում։
«Մենք գտնում ենք, որ, Արցախի վերաբերյալ Հայաստանի օրվա իշխանությունների կողմից լրացուցիչ որևէ ապացույց կամ մեկնաբանություն մեզ այլևս պետք չէ, որովհետև վաղուց արդեն վստահ ենք, որ այս իշխանությունները, համենայն դեպս, այս պահի դրությամբ ոչ հայանպաստ քաղաքականություն վարելով՝ նշաձողն այնքան են իջեցրել, որ հասել են ոչ թե կարմիր գծերին, այլ արդեն հատակին, ուստի նման գործառույթ իրականացնող իշխանության հանձնակատարի հետ հանդիպումը, կարծում եմ, որևէ արդյունք չէր կարող տալ։ Վերջին հաշվով, մենք գիտենք, թե իրենք ինչ են մտածում, իրենք էլ գիտեն, թե մենք ինչ են մտածում այս ամենի մասին»,- ասել է Հակոբ Հակոբյանը։
Նա անդրադարձել է նաև այսօր Ստեփանակերտում տեղի ունեցած ակցիային․ երիտասարդները դիմավորել են Արցախ ժամանած հատուկ հարցերով հանձնակատար Էդմոն Մարուքյանին՝ ակնկալելով նրանից լսել, որ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում։
«Արցախցի երիտասարդները ցանկացել են հարցադրումներ ուղղել Մարուքյանին, այդ թվում նաև՝ ստանալ վերոհիշյալ հարցի պատասխանը՝ արդյոք Մարուքյանը համամի՞տ է, որ Արցախը երբեք չի կարող լինել Ադրբեջանի կազմում, սակայն նրանք այդպես էլ Մարուքյանից չէին ստացել իրենց հուզող այդ հարցի պատասխանը»,- ասել է «Արդարություն» կուսակցության համանախագահը։