08/06/2022 09:40
«Ժողովուրդ». ՀՀ նախագահի և 12 հոգանոց պատվիրակության այցը Շվեյցարիա Հայաստանին ի՞նչ տվեց
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Դավոսի համաշխարհային տնտեսական համաժողովին մասնակցելու նպատակով ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը մայիսի 23-ին Շվեյցարիա էր մեկնել 12 հոգուց բաղկացած պատվիրակությամբ: Այս մասին, «Ժողովուրդ» օրաթերթի գրավոր հարցին ի պատասխան, հայտնել են ՀՀ նախագահի աշխատակազմից: Մեր հարցման մեջ խնդրել էինք ներկայացնել, թե որքան ֆինանսական միջոցներ են ծախսվել, և թե ինչ է տվել մեր պետությանն այս այցը: ՀՀ նախագահի աշխատակազմը չի պատասխանել հարցին, թե որքան գումար է ծախսվել 12-հոգանոց պատվիրակության համար: Պատասխանում միայն ասվում է, որ ծախսերը կատարվել են Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեի «Հանրապետության նախագահի լիազորությունների իրականացման ապահովում» ծրագրի, «Հանրապետության նախագահի գործունեության և ներկայացուցչականության ապահովում» միջոցառման, Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների ծրագրի շրջանակում։
Ամենաուշագրավը մեզ տված պատասխանում այն է, որ ՀՀ նախագահի՝ Շվեյցարիա կատարած այցը ֆինանսավորել է նաև մի անհատ ձեռներեց «Վահե Մկրտչյան Բաբկենի» ԱՁ-ի միջոցների հաշվին: ՀՀ իրավաբանական անձանց պետական ռեգիստրում առկա տվյալների համաձայն՝ այս ընկերությունը գրանցվել է վերջերս՝ 2021 թվականի հոկտեմբերի 28-ին: Թե ով է Վահե Մկրտչյանը, մեզ առայժմ պարզել չհաջողվեց: Ինչ վերաբերում է հարցին, թե ՀՀ նախագահի և 12-հոգանոց պատվիրակության այցը ՀՀ-ին ինչ տվեց, նախագահականից բացատրել են, որ նախագահն իր բոլոր հանդիպումների ընթացքում ներկայացրել է Հայաստանում ներդրումների համար բարենպաստ պայմանների ստեղծման ուղղությամբ իրականացվող բարեփոխումները, վերջին տարիների ձեռքբերումները, մեր երկրի զբոսաշրջային գրավչությունը, Հայաստանի դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ և վերջնական լուծման շուրջ»։