08/06/2022 12:00
ԱԳՆ-ում կայացել է Հայ-ֆրանսիական տնտեսական համագործակցության 2021-2026թթ. ճանապարհային քարտեզի դրույթների իրականացման երկկողմ հանդիպումը
ՀՀ ԱԳՆ-ում տեղի է ունեցել 2021թ. դեկտեմբերի 9-ին ստորագրված «Հայ-ֆրանսիական տնտեսական համագործակցության 2021-2026թթ. ճանապարհային քարտեզի» դրույթների իրականացմանն ուղղված հանդիպում։
Միջոցառմանը հայկական պատվիրակությունը գլխավորել է ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը, ֆրանսիականը՝ ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Անն Լույոն։
Պարույր Հովհանիսյանն ամփոփել է 2021թ. դեկտեմբերի 9-ին Փարիզում կայացած Հայ-ֆրանսիական տնտեսական համագործակցության աշխատանքային խմբի առաջին համատեղ նիստից ի վեր ճանապարհային քարտեզի դրույթների իրագործմանն ուղղված երկկողմ աշխատանքները։ Նախարարի տեղակալն անդրադարձել է նաև այն ուղղություններին, որտեղ արձանագրվել է առաջընթաց և ցանկություն հայտնել առաջիկայում շոշափելի արդյունքներ արձանագրելու կապակցությամբ։
Ֆրանսիայի դեսպանը շնորհակալություն է հայտնել ջերմ հյուրընկալության և արդյունավետ հանդիպման կազմակերպմանն օժանդակելու համար, ինչը թույլ կտա ճանապարհային քարտեզի առաջնային ուղղությունների շուրջ հստակ քննարկումներ ունենալ։
Քննարկումների ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել «Հայ-ֆրանսիական տնտեսական համագործակցության 2021-2026թթ. ճանապարհային քարտեզում» ներառված ոլորտային համագործակցության վերաբերյալ, մասնավորապես ենթակառուցվածքների, ջրամբարաշինության, նորարարության և բարձր տեխնոլոգիաների, առողջապահության ոլորտներում ծրագրերի իրականացման շուրջ։
Անդրադարձ է կատարվել հունիսի 29-30-ին Լիոնում կայանալիք հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության համաժողովի հետ կապված հարցերին։ Կողմերն ընդգծել են հայկական և ֆրանսիական տարածքային ինքնակառավարման մարմիններն իրենց ներդրումն ունենան տնտեսական հարաբերությունների ամրապնդմանը՝ ճանապարհային քարտեզին համահունչ։
Կողմերը պայմանավորվել են «Հայ-ֆրանսիական տնտեսական համագործակցության 2021-2026թթ. ճանապարհային քարտեզի» դրույթների իրականացմանն ուղղված հաջորդ հանդիպումը կազմակերպել 2022թ. սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին։