09/06/2022 14:09
Հանրահավաքներ կազմակերպող ուժերը հայտարարում են, թե սխալ քաղաքականություն ենք վարում ԼՂ-ի հարցում, բայց չեն ասում, թե իրենք պատրաստվում են չեղարկել նոյեմբերի 9-ի հայտարարությունը. Միրզոյան
Հանրահավաքներ կազմակերպող և դրանց մասնակցող ուժերը խոսում են այն մասին, որ ՀՀ-ն ճիշտ քաղաքականություն չի վարում Լեռնային Ղարաբաղի հարցում, Ադրբեջանի հետ բանակցություններում, Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորման գործընթացում, բայց, տարօրինակորեն, մենք չենք տեսել հայտարարություններ այն մասին, որ եթե կառավարությունը հրաժարական տա և իշխանությունը փոխանցվի այդ ուժերին, նրանք պատրաստվում են, օրինակ, չեղարկել նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը կամ հետագա հայտարարությունները, դուրս գալ սահմանազատման գործընթացից, ԱԳՆ-ում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։
«Եթե այդպիսի մոտեցում հայտարարվեր, գուցե, տրամաբանական կլիներ, որովհետև մեր մոտեցումները վաղուց հանրահռչակված են։ Եվ տրամաբանական կլիներ, որ այս հավակնորդ քաղաքական ուժերի մոտեցումն այդ առանցքային հարցերում հակառակը լիներ։ Որևէ խոսք նշածս գործընացները կասեցնելու կամ դրանցից դուրս գալու մասին չեմ լսել, ինչը ինձ թույլ է տալիս ենթադրել, որ այդ թեման ընդդիմության կողմից զուտ շահարկման առիթ է», - ասաց Արարատ Միրզոյանը։
ԱԳ նախարարը հայտարարեց նաև, թե Հայաստանում քաղաքական ճգնաժամ չի տեսնում։