09/06/2022 12:31
Ընդդիմադիրները ոչ թե հանդիպում են ուզում, այլ՝ բեմականացված ու գռեհիկ շոուներ. Անահիտ Ավանեսյան
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի կարծիքով՝ երեկ «Հայաստան» ու «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորները պատգամավորին ոչ հարիր պահվածք են դրսևորել Առողջապահության նախարարությունում։
«Ես կարծում եմ՝ Ազգային ժողովում Էթիկայի հանձնաժողովը, որը որ կստեղծվի, մանրամասն կքննի այս վարքագիծը, պատգամավորին ոչ հարիր գործելաոճը ու խստորեն արձագանք կլինի դրան», - կառավարությունում լրագրողների հետ զրույցում ասաց Ավանեսյանը։
Նրա խոսքով՝ ընդդիմադիրները ոչ թե հանդիպում են ուզում, այլ՝ «բեմականացված ու գռեհիկ շոուներ»։
«Այո՛, ոստիկանական ուժերն ու մեր բոլոր իրավապահները պետք է գործեն խստիվ, օրենքի շրջանակներում», - նշեց նախարարը։
Ավանեսյանն ասաց, թե ժողովրդավարություն չի նշանակում անօրինական թողտվություն։ Ժողովրդավարություն, նրա խոսքով, նշանակում է պատշաճ վարքագիծ, իսկ երբ դա չկա, այո՛, պետք է կիրառվի վարչարարություն։
Հիշեցնենք՝ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Ասպրամ Կրպեյանը, Քրիստինե Վարդանյանը, «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը երեկ գնացել են Առողջապահության նախարարություն, մուտք գործել սենյակ, որտեղ նախարարը խորհրդակցության է եղել։ Ընդդիմադիր պատգամավորները նախարարի դիմաց նետել են 44-օրյա պատերազմում զոհված տղաների լուսանկարները, որտեղ նրանց մարմինները պարկերով գետնին էին նետված։