09/06/2022 11:23
Մեր ռազմավարական դաշնակցի հետ ունենք օրակարգ, բազմաթիվ հարցեր, որոնց պետք է լուծում տանք, բայց դա պետք է լինի առանց Նիկոլի. Իշխան Սաղաթելյան (Տեսանյութ)
Մեր և՛ բարեկամ, ռազմավարական դաշնակից երկրները, և՛ամբողջ աշխարհը՝ այդ թվում նաև թշնամի պետությունները հստակ պետք է իմանան՝ չի կարող լինել որևէ լուծում, որի պարագայում Արցախը կարող է լինել Ադրբեջանի կազմում, ԱԳՆ շենքի դիմաց հայտարարեց ԱԺ փոխնախագահ, ՀՅԴ ԳՄ անդամ Իշխան Սաղաթելյանը։
«Անկախ օրվա դավաճան իշխանությունների մոտեցումներից, հայ ժողովուրդը տեր է Արցախին, տեր է իր հայրենիքին, տեր է անվտանգությանը։ Արցախը երբեք չի հայաթափվելու, նոր Նախիջևան չի լինելու, որովհետև մենք տեր ենք մեր իրավունքներին։
Այս հողատու կապիտուլյանտի հետ ցանկացած բանակցություն ու պայմանավորվածություն առոչինչ է։ Մենք մեր ռազմավարական դաշնակցի հետ ունենք օրակարգ, ունենք բազմաթիվ հարցեր, որոնք միասին պետք է քննարկենք և լուծում տանք, բայց դա պետք է լինի առանց Նիկոլի։ Նիկոլը չի արտահայտում հայ ժողովրդի կամքը և դիրքորոշումը, նա կապ չունի մեզ համար կենսական անհրաժեշտության առաջնահերթ խնդիրների և սկզբունքների հետ, ինքը դավաճան է և չունի մանդատ ժողովրդի կողմի», - հայտարարեց Սաղաթելյանը։
Նշենք, որ ԱԳՆ շենքում այս պահին նախարար Միրզոյանը հանդիպում է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ։
Սաղաթելյանն ասաց, որ իրենց խոսքը հայտարարությունների միջոցով փոխանցեցին Լավրովին, հետևաբար, նպատակահարմար չեն գտնում շարունակել մնալ ԱԳՆ շենքի մոտ։
«Շարժվում ենք Ֆրանսիայի հրապարակ, որտեղ 19։30-ին ունենք կարևոր հանրահավաք», - ասաց Իշխան Սաղաթելյանը։