09/06/2022 16:49
Ղարաբաղի վերաբերյալ եռակողմ հայտարարությունների լիարժեք իրականացումը առաջնահերթություն է. Լավրով
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Երևանում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ ասել է, որ Ղարաբաղի վերաբերյալ եռակողմ հայտարարությունների իրականացումն առաջնահերթություն է։
«Մենք նպատակ ունենք ապահովելու, որ այնտեղ ամրագրված բոլոր ուղղություններն ու գործողությունները, որոնք ուղղված են տարածաշրջանում իրավիճակի ամբողջական կարգավորմանը, բոլոր խնդիրների, այդ թվում՝ հումանիտար խնդիրների կարգավորմանը, հնարավորինս արագ լուծվեն։ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների մակարդակով տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակման եռակողմ աշխատանքային խումբը գտնվում է վերջնական համաձայնագրերի կոնկրետ ասպեկտների համաձայնեցման առաջադեմ փուլում», - ասել է Լավրովը։
Նրա խոսքով՝ նույնը վերաբերում է սահմանազատմանը։
«Մենք ողջունում ենք երկու հանձնաժողովների՝ ձեր և Ադրբեջանի աշխատանքի մեկնարկը, հիմնադիր ժողովը կայացել է, մենք դա համարում ենք շատ կարևոր, կնախապատրաստվենք Մոսկվայում կայանալիք հանդիպմանը Ռուսաստանի ներկայացուցիչների մասնակցությամբ, որոնք, համաձայն ղեկավարների միջև պայմանավորվածության, կտրամադրեն խորհրդատվական ծառայություններ, այդ թվում՝ քարտեզագրական նյութեր։ Մենք շահագրգռված ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների լիարժեք կարգավորմամբ», - ասել է Լավրովը։
«Այն ամենը, ինչ Ռուսաստանը կարող է անել, որպեսզի օգնի գտնել փոխադարձ համաձայնություն, մենք պատրաստ կլինենք անել։ Մենք միտված ենք առանց բացառության բոլոր պայմանավորվածությունների լիարժեք իրականացմանը», - ասել է ՌԴ ԱԳ նախարարը։