09/06/2022 10:41
Մեր նպատակն է Լավրովին տեղ հասցնել՝ ում հետ որ բանակցում են, մանդատ չունի ժողովրդի անունից բանակցելու. Սաղաթելյան
Մեր ասելիքը քիչ հետո ելույթների միջոցով կփոխանցենք։ Պետք է փոխանցենք՝ այն մարդու հետ, որ բանակցում են, չունի մանդատ մեր ժողովրդի անունից բանակցելու ու իր հետ ձեռք բերված ցանկացած պայմանավորվածություն առ ոչինչ է, որովհետև ինքը չի արտահայտում հայ ժողովրդի շահերը, ՀՀ արտաքին գործերի նախարարության շենքի մոտ լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՅԴ ԳՄ անդամ Իշխան Սաղաթելյանը։
«Այսօր մեր նպատակը շենք շրջափակելը չէ, մեր նպատակն ուղերձները հասցնելն է, ասել, որ ինչքան էլ փորձեն ներկայացնել, թե Հայաստանում ճգնաժամ չկա՝ ճգնաժամ կա ու, առհասարակ, ՀՀ ժամանող ցանկացած պատվիրակություն ժողովրդի շունչը պետք է տեսնի ու զգա, բոլորը պետք է տեղյակ լինեն հրապարակում ժողովրդի ներկայացրած օրակարգի մասին», - ասաց Սաղաթելյանը։
Հիշեցնենք՝ Երևանում է գտնվում ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը և քիչ անց ԱԳՆ-ում պետք է տեղի ունենա Սերգեյ Լավրովի և Արարատ Միրզոյանի հանդիպումը։