09/06/2022 16:42
Հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման և Ադրբեջանից բոլոր ռազմագերիների վերադարձի գործընթացում Հայաստանն ակնկալում է Ռուսաստանի աջակցությունը. Նիկոլ Փաշինյան
Ռուսաստանը և Հայաստանը ռազմավարական գործընկերներ և դաշնակիցներ են, մեր հարաբերությունների օրակարգը շատ լայն է և բազմազան, դրանք երկկողմ հարաբերությունների հարցեր են և տարածաշրջանային ու միջազգային խնդիրներ, ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպմանը հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Օրակարգի հիմնական հարցը վերաբերում է տարածաշրջանային անվտանգությանը, Լեռնային Ղարաբաղի կարգավորմանը։ Մենք շատ ինտենսիվ քննարկում ենք այդ հարցը Ռուսաստանի հետ և այլ հարցեր, օրինակ՝ տարածաշրջանային հաղորդակցությունների բացումը։ Վերջերս Մոսկվայում տեղի ունեցավ եռակողմ աշխատանքային խմբի հանդիպումը՝ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերի նախագահությամբ։ Հուսով եմ, որ մոտ ապագայում մենք կկարողանանք հասնել կոնկրետ պայմանավորվածությունների և վերջնականապես լուծել այս ռազմավարական կարևոր խնդիրը ողջ տարածաշրջանի համար՝ հանուն կայունության և խաղաղության», - ասել է Փաշինյանը։
Նա հայտնել է, որ օրերս կայացել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանների սահմանազատման և սահմանագծման հարցերով երկկողմ աշխատանքային հանձնաժողովի առաջին հանդիպումը։
«Արդեն նախատեսվում է, որ երկրորդ հանդիպումը տեղի կունենա Մոսկվայում, երրորդը՝ Բրյուսելում։ Այս համատեքստում մենք հույս ունենք, որ Ռուսաստանի աջակցությամբ այս գործընթացը բնականոն կզարգանա և արդյունավետ կլինի», - ասել է Փաշինյանը։
Նա ընդգծել է Ադրբեջանից ռազմագերիների, պատանդների և պահվող այլ անձանց վերադարձի կարևորությունը, որոնք դեռևս գտնվում են Ադրբեջանում՝ հակառակ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության։
«Այս հարցում նույնպես մենք հույս ունենք, որ Ռուսաստանի աջակցությամբ այս հումանիտար հարցը ամբողջությամբ կլուծվի», - ասել է Փաշինյանը։