09/06/2022 12:53
Հույս ունենք, որ ռուսական կողմն էլ ավելի մեծ ջանքեր կգործադրի հայ ռազմագերիներին և մյուս պահվող անձանց վերադարձնելու ուղղությամբ. Միրզոյան (Տեսանյութ)
ՀՀ և ՌԴ արտաքին գործերի նախարարներն անդրադարձել են Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հնարավոր փաստաթղթին, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացին վերաբերող հարցերին, Երևանում Սերգեյ Լավրովի հետ համատեղ մամուլի ասուլիսին հայտարարեց Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։
«Ես վերահաստատել եմ ՀՀ կառավարության պատրաստակամությունը՝ ջանքեր գործադրելու տարածաշրջանում խաղաղության և կայունության հասնելու ուղղությամբ։ Այս համատեքստում առանցքային է ԼՂ հակամարտության հասցեագրումը, որը կներառի Արցախի ժողովրդի անվտանգության և բոլոր իրավունքների ապահովման և Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի վերջնական որոշման առանցքային կետերը», - հայտարարեց Արարատ Միրզոյանը։
Նա նշեց, թե ԼՂ հակամարտության կարգավորման սկզբունքները մշակվել են ԵԱՀԿ ՄԽ համանախագահության կողմից և ՀՀ կառավարությունը շահագրգռված է ակտիվացնելու այս ձևաչափի գործունեությունը։
Միրզոյանն ասաց, թե Հայաստանը շարունակում է հավատալ, որ ռուսական խաղաղապահ առաքելությունն ի վիճակի է վերականգնել նոյեմբերի 9-ի հայտարարությամբ հաստատված ստատուս քվոն, մարտի 23-ի դրությամբ առկա իրավիճակը, որը խախտվել էր Ադրբեջանի զինված ուժերի կողմից՝ մարտի 24-ին Փառուխ գյուղ ներխուժմամբ։
ԱԳ նախարարն ասաց նաև, թե հույս ունեն, որ ռուսական կողմն էլ ավելի մեծ ջանքեր կգործադրի հայ ռազմագերիներին և մյուս պահվող անձանց վերադարձնելու ուղղությամբ։