09/06/2022 13:22
Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման հարցում դրական տեղաշարժ կա. Արարատ Միրզոյան
Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացում կան մի քանի ուղղություններ, որոնցով բանակցություններն ընթանում են, բազմաթիվ հարցերում պատկերացումները չեն համընկնում, Երևանում ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ մամուլի ասուլիսին հայտարարեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։
«Բայց բանակցությունները հենց դրանով էլ բանակցություն են, որ այդ չհամընկնող կետերի շուրջ փորձենք ընդհանուր եզրեր գտնել փոխզիջումների տարբերակով։ Մենք հավատում ենք խաղաղության գործընթացին, կարծում ենք, որ Հաաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման մեջ հնարավոր չէ չանդրադառնալ Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը, չհասցեագրել և քաղաքական կարգավորում չտալ այդ հակամարտությանը։ Հավատացած ենք, որ բանակցությունը պետք է տեղի ունենա ԵԱՀԿ ՄԽ շրջանակներում», - ասաց նախարարը։
Նա նշեց, թե այս փուլում դեռ չափազանցված կլինի ասել՝ բանակցություններ, բայց գործընթացի մեկնարկը տրված է։
«Որոշակի դրական տեղաշարժ ենք տեսնում տարածաշրջանային տնտեսական, առևտրային ենթակառուցվածքների ապաշրջափակման առումով։ Ասել, որ կա լիարժեք պատկերացում՝ սխալ կլինի, բայց ուզում եմ ասել, որ կա դրական տեղաշարժ», - հայտարարեց ՀՀ արտգործնախարարը։
Նրա խոսքով՝ Ադրբեջանի կողմից թե՛ հայ ռազմագերիներին ազատ չարձակելը, թե՛ մշակութային հուշարձանների նկատմամբ ոտնձգություններն ու սադրիչ գործողությունները միայն խանգարում են այս գործընթացներին։