09/06/2022 20:06
Պաշտոնական Երևանը շտապում է Արցախից «ձեռքերը լվանալ» և պատրաստ է նետվել ցանկացած գեոպոլիտիկ «միջնորդի» գիրկը․ Արմեն Աշոտյան
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն անդրադարձել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի համատեղ ասուլիսի շեշտադրումներին։
«Հայաստանի և Ռուսաստանի ԱԳ նախարարների այսօր կայացած ասուլիսին Արարատ Միրզոյանը ակնհայտ քծնում էր Սերգեյ Լավրովին.
Ապացույց՝
1. Միրզոյանը Լավրովին դիմեց ՝ «իմ լավ բարեկամ»:
Այս կերպ դիմում են միմյանց տարբեր նախարարները, երբ ունենում են անձնական հարաբերությունների, վստահության պաշար և իրենց թույլ են տալիս աշխատանքային պրոցեսում ևս դիմել նման կերպ:
Բայց դա արվում է երկուստեք, մինչդեռ Միրզոյանը չստացավ պատասխան ժեստ Լավրովից:
2. Այս տարի նշում են հայ-ռուսական դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակը:
Միրզոյանի ՝ քծնելու ցանկությունն այնքան մեծ էր, որ նա օգտագործեց ոչ թե «նշել», այլ «տոնել» բառը:
Հերթական անգամ Հայաստանը ներկայացնող կենսաբանական իմաստով մարդիկ խուսափեցին անգամ Երևանում խոսել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի մասին. դա այս իշխանությունները արժեք չեն համարում:
Հետպատերազմյան բանակցային գործընթացի ողջ ընթացքում դա չի եղել առաջնահերթություն:
Միրզոյանն ասաց՝ «կարգավիճակ», որը կարող է լինել «ժեկի» կարգավիճակից մինչ ոչինչ, բայց՝ արդեն բացառապես Ադրբեջանի կազմում:
Միրզոյանը խոսում էր ադրբեջանական ագրեսիայի մասին, «խաշած հավի ծիծաղն է գալիս». հայկական դիվանագիտական կողմից 44-օրյա պատերազմից հետո ոչ մի պաշտոնական քայլ չի ձեռնարկվել, որով հայկական կողմը կփորձեր միջազգային պատժիչ լծակներ, առնվազն քաղաքական բնույթի ինստիտուցիոնալ հայտարարություններ ստանալ աշխարհից՝ թուրք-ադրբեջանական ագրեսիայի մասին:
Նիկոլ Փաշինյանը 44-օրյա պատերազմից հետո ադրբեջանական կողմին պատասխանատավության կանչելու գործողությունների փոխարեն բացառապես սեփական իշխանության վերարտադրմամբ է զբաղված եղել. նրանք մեր բոլորի անունից ներել են ադրբեջանաթուրքական ագրեսիան:
Միրզոյանը նշեց՝ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ արձանագրված գերիների վերադարձը չի կատարվել:
Նիկոլ Փաշինյանի իշխանությունը մեկուկես տարվա ընթացքում արել է ամեն հնարավոր բան՝ իր «վրայից գցելու» գերիների հարցը:
Նիկոլն ուներ 4 հնարավորություն գերիների վերադարձը որպես նախապայման մեկնարկող գործընթացների մեջ ներառելու.
1. դելիմիտացիայի-դեմարկացիայի պրոցեսի մեջ,
2. կոմունիկացիաների ապաշրջափակման եռակողմ հանձնաժողովի մեջ,
3. «3+3» ձևաչափով մասնակցության նախապայման,
4. 6 սկզբունքի, իսկ իրականում՝ «խիարության», ոչնչության մեջ ներառելը:
Նիկոլ Փաշինյանի ապիկար, իմպոտենտ քաղաքականության արդյունքում Ադրբեջանը կարողացավ հասնել նրան, որ ոչ միայն Բրյուսելում Շառլ Միշելը սկսեց օգտագործել ադրբեջանական «Ղարաբաղ» եզրույթը, հայկական «Լեռնային Ղարաբաղի» փոխարեն, այլև՝ Լավրովը Երևանում չհիշատակեց «Լեռնային Ղարաբաղը»՝ նշելով տարածաշրջան՝ ռեգիոն:
Առաջին անգամ նշվեց, որ բացի ադրբեջանական 5 կետերից, Հայաստանը տվել է «առաջարկություններ», որոնք ևս ներառվել են:
Միրզոյանը խոստովանեց, որ թուրքական կողմից պարբերաբար հնչում են գնահատականներ, որոնք վկայում են՝ հայ-թուրքական ներկայումս ընթացող գործընթացը շաղկապված է Ադրբեջանի հետ Հայաստանի հարաբերությունների զարգացմամբ, այսինքն՝ հետևանք է Հայաստանի կրած պարտության:
Հարց ՝ եթե այդքանը գիտակցում են, ինչու՞ չեն դիմում միջազգային աջակցության, որ միջազգային հանրությունը՝ ի դեմս Բրյուսելի և Մոսկվայի, ոչ միայն ողջունի այդ հարաբերությունները, այլև նշի, որ թուրքերը չպայմանավորեն հայ-թուրքական հարաբերությունները Ադրբեջանի հետ Հայաստանի հարաբերություններով:
Փարուխի մասին Լավրովի հայտարարության հետ կապված դիմում եմ ԶԼՄ-ներին ՝ դիմեք ՀՀ ԱԳՆ կոչվող «դուքյան» և ՌԴ ԱԳՆ, գրավոր պատասխան ստացեք՝ արդյոք Լավրովի տված ձևակերպումները ճի՞շտ են, թե՞ ոչ:
Հայ-ադրբեջանական դելիմիտացիայի հանձնաժողովը զբաղվում է նաև Արցախի՞ սահմանների դելիմիտացիայով․ եթե այո, ապա ի՞նչ սահմանների մեջ:
Միրզոյանը ի պատասխան ռուս լրագրողի հարցի նշեց, թե Հայաստանում քաղաքական ճգնաժամ չկա՝ բերելով 2 փաստարկ.
1. 2021-ին եղել են արտահերթ խորհրդարանական ընտրություններ, որոնցով հանգուցալուծվել է այն ժամանակվա քաղաքական ճգնաժամը, իսկ հիմա ճգնաժամ չկա:
Իրականում. ոթե խորհրդարանական ընտրություններով քաղաքական ճգնաժամեր են լուծվում, հիշեցնեմ, որ 2017-ի ընտրություններում մենք հաղթել էինք, և դրանք լեգիտիմ էին ճանաչվել և ուրեմն ինչպե՞ս եկավ 2018-ը:
2. ընդդիմության հանրահավաքները սակավամարդ են.
Իրականում. որոշ ակցիաներ սակավամարդ են, որոշները՝ ոչ, մինչև 50,000 մարդ է մասնակցում:
Քաղաքական ճգնաժամը միայն զանգվածով չի որոշվում, այլ քաղաքական օրակարգի լրջությամբ:
Լպիրշություն է ԱԺ «մաման լացացրած» Միրզոյանի կողմից՝ մեղադրել ընդդիմությանը ԱԺ լծակները չօգտագործելու մեջ, եթե իշխանությունը ուզուրպացնում է ԱԺ-ն ու բոլոր լծակները:
Ընդդիմությունը օգտագործել է իր պառլամենտական լծակները՝ վերջերս հրավիրելով Աժ արտահերթ նիստ, որը տապալվեց հենց իշխանության կողմից:
Միրզոյանը հայտարարեց ՝ ընդդիմությունը չի ասում, թե կհրաժարվի նոյեմբերի 9-ի հայտարարությունից, դելիմիտացիայի պրոցեսից:
Առնվազն լկտիություն է. այս իշխանությունն արդեն կատարել է նոյեմբերի 9-ի հայտարարության բոլոր կետերը, բացի մեկ կետից ՝ ռազմագերիների վերադարձ:
Եզրափակում
Նիկոլ Փաշինյանի պատճառով ի հայտ է եկել արցախյան հակամարտության կարգավորման նոր փուլային տարբերակ:
Նախկինում տարածաշրջանային հարաբերությունների կծիկը՝ հայ-ադրբեջանական և արցախյան, մի փաթեթ էր․ հայ - ադրբեջանական հարաբերություների կարգավորման հիմքում ընկած էր Արցախի հարցի լուծման խնդիրը:
Հիմա նիկոլենք փորձում են հայ-ադրբեջանական հարաբերությունները կարգավորել և Արցախին թողնում են անտեր, պատանդ Ադրբեջանին:
Նիկոլն ասում է՝ ռուսներ, ձեզ պե՞տք է Արցախը, մտահոգվա՞ծ եք Արցախով, վերցրեք, ինձ պետք չէ:
Հայ-ադրբեջանական պրոցեսը տանում են Մոսկվայում, Բրյուսելում, բայց արցախյան հարցի դեպքում ասում են՝ Մինսկի խմբի համանախագահների տիրույթում է:
Ֆորմալ առումով ճիշտ է:
Իրականում հիմա ՄԽ աշխատանքը պարալիզացված է, ուստի այս իշխանությունը ստեղծում է լեգիտիմ պատրանք, թե երբ ՄԽ վերականգնվի, թող զբաղվի Արցախի հարցով, իսկ մինչ այդ ադրբեջանական ագրեսիան որպես թարախ պահվելու է արցախյան խնդրի տակ:
Պաշտոնական Երևանը շտապում է Արցախից «ձեռքերը լվանալու» և պատրաստ է նետվել ցանկացած գեոպոլիտիկ «միջնորդի» գիրկը»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Արմեն Աշոտյանը: