09/06/2022 20:19
Փառուխի հարցում Լավրովի խոսքերի լավատեսական մեկնաբանությունները հիմնազուրկ են. Արման Մելիքյան
Aysor.am-ի զրուցակիցն է Արցախի նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը։
- Պարոն Մելիքյան, ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը Երևանում հայտարարեց, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացի շրջանակներում կքննարկվի նաև Ղարաբաղի Փառուխ գյուղի հետ կապված խնդրի կարգավորումը։
Արդյոք այս հայտարարությունը նշանակո՞ւմ է, որ Արցախն Ադրբեջանի հետ պետք է դելիմիտացված սահման ունենա, ինչի արդյունքում կլուծվի ոչ միայն Փառուխից, այլ նաև Շուշիից, Հադրութից և այլ հայկական բնակավայրերից ադրբեջանական զինված ուժերը դուրս բերելու հարցը: Ի դեպ, այս դիտարկումը «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանինն է։
- Կարծում եմ, որ պարոն Լավրովն ակնարկում էր, որ Փառուխի և Արցախի այլ հայկական բնակավայրերի հետ կապված խնդիրներն իրենց լուծումը կստանան միայն Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման գործընթացի ավարտից հետո: Նրա խոսքերի լավատեսական մեկնաբանությունները հիմնազուրկ են:
- Իսկ բուն Փառուխի խնդրի կարգավորումը հայանպաստ դաշտում տեսնո՞ւմ եք։ Մինչև այժմ հնչած հայտարարությունները հույս ներշնչո՞ւմ են, որ հարցը կկարգավորվի ի նպաստ հայկական կողմի։
- Այս հարցը չի կարող իր լուծումը ստանալ ռուս-ադրբեջանական առկա հարաբերությունների ընդհանուր համատեքստից դուրս: Պետք չէ ակնկալել, որ ուր որ է՝ երկնքից հայանպաստ լուծումների տարափ է սկսվելու, առավել ևս այն դեպքում, երբ ինքներս դրա համար, ըստ էության, որևէ լուրջ բան չենք անում: