09/06/2022 11:02
Բոլորի համար ակնհայտ է, որ ՀՀ-ում Նիկոլ Փաշինյանն այն միակ դերակատարը չէ, ով կարող է որոշում կայացնել Արցախի հարցում. Տիգրան Աբրահամյան
Իշխանությունը մի կողմից ուզում է ցույց տալ՝ իբր չի նկատում երկրում տեղի ունեցող ներքաղաքական զարգացումները, բայց մյուս կողմից էլ տարբեր ուժային, պետական և մասնավոր կառույցների միջոցով փորձում է ազդել և կանխել մարդկանց մասնակցությունը տարբեր հավաքներին, ԱԳՆ շենքի դիմաց, որտեղ տեղի է ունենում «Դիմադրություն» շարժման բողոքի ակցիան, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության անդամ Տիգրան Աբրահամյանը։
«Այնպես որ, իշխանության այդ մոտեցումները կապ չունեն իրականության հետ։ Ինչ վերաբերում է միջազգային հանրությանը, ապա անկախ այն հանգամանքից, թե գործընթացները ինչ հունով են ընթանում, բոլորի համար գոնե ակնհայտ է, որ Հայաստանում Նիկոլ Փաշինյանն այն միակ դերակատարը չէ, ով կարող է որոշում կայացնել և, առհասարակ, Նիկոլ Փաշինյանը չունի մանդատ որոշում կայացնելու Արցախի հետ կապված հարցերում», - ասաց Տիգրան Աբրահամյանը։
Պատգամավորը հիշեցրեց, որ մինչև պատերազմական գործողությունները Նիկոլ Փաշինյանն ինքն էր ասում, որ Արցախի ժողովուրդն իրեն ձայն չի տվել և նա որևէ իրավունք չունի Արցախի վերաբերյալ որոշում կայացնելու։