10/06/2022 19:50
Որքա՞ն մածուկ պետք է օգտագործել ատամները խոզանակելիս. Խորհուրդ է տալիս ատամնաբույժը
Մենք խոզանակում ենք մեր ատամները վաղ մանկությունից, և, թվում է՝ պետք է իմանանք այս գործընթացն ամբողջությամբ: Սակայն, հասուն տարիքում հաճախ հարցեր են առաջանում ատամների ճիշտ մաքրման հետ կապված։ Ամենատարածվածներից մեկն այն է, թե որքան ատամի մածուկ պետք է քսել խոզանակին:
Այս հարցի շուրջ Aysor.am-ը զրուցել է ատամնաբույժ Ասքանազ Միրզոյանի հետ.
«Գովազդային հոլովակներում հերոսները միշտ երկար շերտով են տարածում ատամի մածուկը խոզանակի վրա: Նման գովազդը մի քանի անգամ դիտելուց հետո, մենք ենթագիտակցորեն սկսում ենք նույնը կրկնել։ Սակայն դա սխալ պրակտիկա է։
Մածուկի օգտագործումը թույլ է տալիս մեղմել խոզանակների ազդեցությունը ատամների և լնդերի վրա, նվազեցնել վնասվածքների և անհարմարության վտանգը խոզանակելու ընթացքում: Հիգիենիկ մածուկները պարունակում են բաղադրիչներ, որոնք փափկեցնում են ատամնափառը և հոտազերծում բերանի խոռոչը, բուժական և պրոֆիլակտիկ մածուկները՝ ֆտորիդների բարձր պարունակությամբ, օգնում են ամրացնել էմալը և նվազեցնել կարիեսի առաջացման վտանգը: Կան նաև հատուկ բժշկական մածուկներ, որոնց բաղադրիչներն ունեն նպատակային թերապևտիկ ազդեցություն», - ասաց ատամնաբույժը։
Շատ մածուկներ պարունակում են ֆտոր, որը փոքր քանակությամբ ծառայում է որպես կարիեսի կանխարգելմանն օժանդակող միջոց, իսկ չափից դուրս օգտագործումը կարող է առաջացնել խրոնիկական հիվանդություն՝ ֆտորոզ։ Այն դրսևորվում է ատամների մշտական ախտահարմամբ՝ էմալը ծածկվում է մուգ կամ բաց բծերով, դառնում փխրուն, փշրվում։
Ատամնաբույժ Ասքանազ Միրզոյանը խորհուրդ է տալիս խելամտորեն օգտվել մածուկից և չչարաշահել այն.
«Չափահաս մարդու համար մածուկի օպտիմալ քանակությունը մոտ 1 սմ է, երեխայի համար այդ քանակությունը պետք է շատ ավելի քիչ լինի։ Այսպիսով, մինչև մեկ տարեկան երեխաներին ընդհանրապես խորհուրդ չի տրվում մածուկ օգտագործել, 1-ից 2 տարեկանից կարելի է խոզանակին մածուկը տարածել թեթև, 2-ից 4 տարեկան երեխաների դեպքում՝ բրնձի հատիկի չափ, իսկ 4-ից 6 տարեկանի դեպքում՝ մի փոքր ավելի»։
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։