10/06/2022 19:00
Պետք է բարձրացնել ՀԱՊԿ-ում առկա խնդիրները, որովհետև եթե չբարձրացնենք, և այդ խնդիրները լուծում չստանան, ինչո՞ւ ենք ընդհանարապես այդ համակարգի մաս կազմում. Քաղաքագետ
Երբ ՀՀ վարչապետը և արտգործնախարարը հայտարարում են, որ ՀԱՊԿ պատասխանատվության գոտում իրավիճակն այնքան էլ կայուն չէ, և Հայաստանի ինքնիշխան տարածք Ադրբեջանի զորքերի ներխուժման հարցը դեռ բաց է մնում, ճիշտ դիտողություններ են հնչեցնում. դրանք տեղին են, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց քաղաքագետ Արմեն Բաղդասարյանը։
«Ցավոք սրտի, ՀԱՊԿ-ում մենք ավելի շատ հակառակորդներ, քան դաշնակիցներ ունենք, բայց քանի որ այլընտրանքային անվտանգային համակարգը մեզ համար այս պահին իրատեսական չէ, ուրեմն պետք է ոչ թե բաց առճակատման գնանք, այլ փորձենք հնարավորինի սահմաններում այդ կառույցն օգտագործել Հայաստանի Հանրապետության անվտանգային խնդիրները կարգավորելու համար։
Մենք պետք է բարձրացնենք ՀԱՊԿ-ում առկա խնդիրները, որովհետև եթե չբարձրացնենք, և այդ խնդիրները լուծում չստանան, ապա ինչո՞ւ ենք այդ դեպքում մենք ընդհանարապես այդ համակարգի մաս կազմում»,- հարց հնչեցրեց մեր զրուցակիցը։
Քաղաքագետի խոսքով՝ ՀՀ իշխանությունները որոշակի քայլեր ձեռնարկում են, այլ հարց է՝ որքանով են դրանք հաջող կամ անհաջող։
«ՀԱՊԿ-ի հիմնական դերակատարը Ռուսաստանն է, և նա շատ լավ գիտակցում է Հայաստանի համար անվտանգային այլընտրանքի բացակայությունը։ Մեր՝ այլընտրանք չունենալը ՌԴ-ն փորձում է ծառայեցնել իր նպատակներին՝ որպես Հայաստանի վրա ազդելու մեխանիզմ»,- ասաց Արմեն Բաղդասարյանը։
Քաղաքագետը հիշեցրեց՝ Հայաստանը ՀԱՊԿ-ի առջև որոշակի պարտավորություններ ունի, որոնք կատարում է, սակայն Հայաստանի առջև իր հերթին պարտավորություններ ունի նաև ՀԱՊԿ-ը, որոնց մասին պետք է պարբերաբար բարձրաձայնել և պահանջել հավատարիմ մնալ դրանց։
«Ընդ որում՝ դրանով կառույցը մեզ լավություն չի անում. պարտավորությունները փոխադարձ են»,- ասաց Արմեն Բաղդասարյանը։