10/06/2022 14:32
2021 թ. պետական գույքի մասնավորեցումից ստացված միջոցները կազմել են 407 մլն 547 հազար դրամ. Առնակ Ավետիսյան
2021 թ. մասնավորեցվել են դասական աճուրդով 2 ընկերությունների պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերը եւ ուղղակի վաճառքով 1 ընկերության պետական սեփականություն հանդիսացող բաժնեմասը:
Մասնավորեցումից ստացված միջոցները կազմել են 407 մլն 547 հազար դրամ, որից ՀՀ պետական բյուջեի սեփականաշնորհման հաշվին մուտքագրվել է 294 մլն դրամ, իսկ 112 մլն դրամ փոխանցվել է համայնքների բյուջեներ: Այս մասին բարձրաձայնել է ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Առնակ Ավետիսյանը:
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը հունիսի 10-ին քննարկել է «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի կատարման 2021 թվականի տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին» հարցը:
Հաշվետվությունն ընդգրկում է 2021 թ. ընթացքում իրականացված մասնավորեցման եւ լուծարման գործարքների, մասնավորեցումից ստացված բյուջետային մուտքերի մասին տեղեկությունները, ինչպես նաեւ մասնավորեցման արդյունքները՝ ըստ առանձին ընկերություններում կատարված ներդրումների եւ պրոֆիլի պահպանման պահանջների:
Ներկայացնելով մասնավորեցման գործարքների արդյունքում նոր սեփականատերերի կողմից ստանձնած պարտավորությունների եւ դրանց կատարման վերաբերյալ տեղեկատվությունը՝ Առնակ Ավետիսյանը նշել է, որ ստանձնվել է 5 պարտավորություն, որից 3 գնորդի կողմից կատարվել են պրոֆիլի պահպանման պարտավորությունները, 1 գնորդի կողմից ստանձնված պրոֆիլի պահպանման պարտավորությունները չեն կատարվել:
Փաստաթղթում արտացոլված են նաեւ լուծարման գործընթացի եւ դրա արդյունքում մարված պարտավորությունների վերաբերյալ տեղեկություններ: Հաշվետու ժամանակահատվածում լուծարման գործընթացում է գտնվել 2 առեւտրային կազմակերպություն. լուծարման գործընթացն ավարտվել է: «Լուծարման գործընթացի արդյունքում մարվել է շուրջ 4 մլն 152 հազար դրամ կրեդիտորական պարտք», - տեղեկացրել է Առնակ Ավետիսյանը:
Հաշվետու ժամանակաշրջանում ծրագրում կատարվել է լրացում` մասնավորեցման ծրագրի ցանկում ընդգրկվել է «Հատուկ լեռնափրկարար ծառայություն» ՓԲԸ-ն:
Հանձնաժողովը հաստատել է քննարկված հաշվետվությունը:
Երկրորդ ընթերցմամբ քննարկվել է եւ դրական եզրակացություն ստացել պատգամավոր Գեւորգ Պապոյանի հեղինակած «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրինագիծը: