10/06/2022 17:14
Ալեն Սիմոնյանն արձանագրել է, որ Մարիա Պեյչինովիչ-Բուրիչի հետ նախորդ հանդիպումից ի վեր մեծ չէ առաջընթացը ռազմագերիների վերադարձի հարցում
Աշխատանքային այցով Ստրասբուրգում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հունիսի 10-ին հանդիպել է ԵԽ գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ-Բուրիչին:
Կողմերը խոսել են նախորդ հանդիպմանը բարձրաձայնված որոշ հարցերի լուծման ընթացքի մասին: Մասնավորապես, քննարկման առանցքում է եղել ՀՀ-ԵԽ Գործողությունների ծրագրի 2019-2022 թթ. իրականացումը:
ՀՀ ԱԺ նախագահը փաստել է, որ այն հաջողությամբ է իրագործվում՝ գոհունակությամբ հիշեցնելով, որ նման գնահատական է տվել նաեւ ԵԽ քարտուղարությունը 2022 թ. մարտի 2-ին Երեւանում կայացած ԵԽ Գործողությունների ծրագրի Ղեկավար կոմիտեի նիստին: Կողմերը խոսել են Գործողությունների ծրագրի անհրաժեշտ շարունակականության մասին: Ալեն Սիմոնյանն առանձնացրել է մարդու իրավունքների պաշտպանությանն ու խթանմանը, կոռուպցիայի դեմ պայքարին վերաբերող համատեղ օրակարգային առաջնահերթությունները՝ բարձր գնահատելով Եվրոպայի խորհրդի առանցքային աջակցությունը՝ իր ինստիտուտներով եւ մոնիթորինգային մեխանիզմներով: Անդրադարձ է եղել Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների գործունեության մասին ԵԽԽՎ բանաձեւին, որով Վեհաժողովը բարձր է գնահատել ժողովրդավարական զարգացման գործընթացում Հայաստանի առաջընթացը:
Հանդիպման օրակարգային հարցերից են եղել 2020 թ. Արցախի դեմ ագրեսիայի հետեւանքով մինչ օրս առկա, չլուծված հումանիտար խնդիրները, այդ թվում՝ հայ ռազմագերիների եւ այլ պահվող անձանց վերադարձի հարցը:
Ալեն Սիմոնյանն արձանագրել է, որ Մարիա Պեյչինովիչ-Բուրիչի հետ նախորդ հանդիպումից ի վեր մեծ չէ առաջընթացը ռազմագերիների վերադարձի հարցում, եւ անհագստացնող են միջազգային մասնագիտացված կառույցների կողմից զեկույցները հայ ռազմագերիների պահման անմարդկային պայմանների ու այդ մարդկանց հիմնարար իրավունքների կոպտագույն խախտման մասին:
Նա շնորհակալություն է հայտնել ԵԽ գլխավոր քարտուղարին այս խնդիրներին բազմակի անդրադարձի համար՝ կարեւորելով տիկնոջ աջակցությունը Մինսկի խմբի համանախագահների միջնորդական ջանքերին:
Մարիա Պեյչինովիչ-Բուրիչը ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում ընդգծել է Մինսկի խմբի համանախագահության նշանակությունը եւ կարեւորությունը: