10/06/2022 21:18
Ռուսաստանը Լավրովի շուրթերով ևս մեկ անգամ ասաց՝ Արցախի հարցը ոչ միայն լուծված չէ, այլև Լեռնային Ղարաբաղը և Ադրբեջանը ճշգրտվող սահմաններ են ունենալու․ ռազմական փորձագետ
Ակնհայտ է՝ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հստակ գիտի, որ Փառուխ գյուղը գտնվում է Արցախում, և երբ նա հայտարարում է, որ այդ գյուղի հարցը լուծվելու է Հայաստանի և Ադրեբեջանի սահմանազատման գործընթացի շրջանակներում, նշանակում է, որ կա Լեռնային Ղարաբաղ վարչատարածքային միավոր, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը։
«Այդ վարչատարածքային միավորն ունի խնդիր, որի կարգավորման համար ՌԴ-ն որոշակի առաքելություն է իրականացնում։ Սերգեյ Լավրովն ամեն ինչ հրաշալի գիտի, և Փառուխի հարցով նրա հայտարաարությունը երկու կարևոր մեսիջ է պարունակում։
Առաջին մեսիջն ուղղված է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությանը, որ, այնուամենայնիվ, կա Լեռնային Ղարաբաղ վարչատարածքային միավոր, որն այնքանով, որքանով չի ճանաչվել, սակայն միևնույն է՝ Ադրբեջանի հետ սահման է ունենալու։
Սա նշանակում է, որ Լեռնային Ղարաբաղը կարգավիճակ է ունենալու. միայն կարգավիճակ ունեցող սուբյեկնտն այլ պետության հետ կարող է սահման ունենալ, և կարող է այդ սահմանների ճշգրտման գործընթաց լինել»,- ասաց Հայկ Նահապետյանը։
ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հայտարարությունը, ըստ ռազմական փորձագետի, գալիս է մերժելու Ադրբեջանի նախագահ Իլհամ Աիևի այն պնդումը, թե Լեռնային Ղարաբաղի խնդիրը լուծված է։
«Ռուսաստանը ևս մեկ անգամ ասաց՝ հարցը ոչ միայն լուծված չէ, այլև լուծված ժամանակ Լեռնային Ղարաբաղը և Ադրբեջանը ճշգրտվող սահմաններ են ունենալու։
Իսկ որո՞նք են լինելու ԼՂ սահմանները. դա Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզն է։ Այստեղից կարող ենք հետևություններ անել, որ Ռուսաստանը ԼՂ հիմնախնդիրը դիտարկում է ԼՂ ինքնավար մարզի սահմաններում՝ որպես որոշակի ստատուս ունեցող իրավաքաղաքական միավորի ստեղծում, որը չի լինի Ադրբեջանի կազմում»,- ասաց ռազմական փորձագետը։
Սերգեյ Լավրովի՝ Փառուխ գյուղի վերաբերյալ հայտարարության երկրորդ մեսիջը, ըստ Հայկ Նահապետյանի, ուղղված է գլխավորապես ՀՀ ներքաղաքական ուժերին, որոնք թերահավատորեն են մոտենում Ռուսաստանի դերակատարությանը։
«Երկրորդ մեսիջն այն է, որ ԼՂ հիմնահարցի հանգուցալուծման բանակցություններում, եթե անգամ Հայաստանն ընկրկի, չցանկանա կամ չկարողանա պաշտպանել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը, ապա ՌԴ-ն դա անելու է»,- ասաց ռազմական փորձագետը։