10/06/2022 18:41
Համաշխարհային շուկայում պարենամթերքի գնաճը սպեկուլյացիաների պատճառով է․ ՄԱԿ-ի հատուկ զեկուցող
Ծայրահեղ աղքատության և մարդու իրավունքների հարցերով ՄԱԿ-ի հատուկ զեկուցող Օլիվիե դե Շուտտերը բելգիական La Premiere ռադիոկայանին տված հարցազրույցում հայտարարել է, որ պարենամթերքի համաշխարհային գնաճի հիմնական մեղավորները այն ֆինանսական խաղացողներն են, որոնք փորձում են հնարավորինս օգուտ քաղել ստեղծված վիճակից։
«Համաշխարհային շուկայում պարենամթերքի գնաճը պայմանավորված է այն հանգամանքով, որ որոշ խաղացողներ սեպկուլյատիվ գործողությունների են դիմում՝ ինքնարժեքի բարձրացման հարցում։ Գնաճի իրական պատճառը ոչ թե պարենի անբավարար քանակն է, այլ խուճապը, որը տիրում է շուկաներում այն պատճառով, որ ոչ ոք չգիտի՝ երբ կավարտվի ուկրաինական հակամարտությունը։ Եվ որոշ ֆինանսական խաղացողներ այդ անորոշությունից իրենց օգուտն են քաղում՝ սպկուլյատիվ քայլերի են դիմում՝ մեխանիկորեն հանգեցնելով գնաճի»,- ասել է ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը։
Նրա խոսքով՝ հարկավոր է հանգիստ մթնոլորտ ապահովել շուկաներում, թափանցիկ դարձնել պարենի եղած պաշարների մասին ինֆորմացիան։
«Պարենի պաշարների հիմնական մասը մի քանի մասնավոր օպերատորների՝ հացահատիկի խոշոր առևտրով զբաղվողների ձեռքում է, որոնք չեն մասնակցում ինֆորմացիայի փոխանակման գործընթացին, իսկ դրա կարիքն ունեն պետությունների ղեկավարները՝ շուկաներում անհանգիստ վիճակին վերջ տալու համար»,- ասել է դե Շուտտերը։
Նա հայտարարել է նաև, որ հացահատիկի համաշխարհային գործարքների 80 տոկոսը 5-6 ընկերություն է վերահսկում, նրանք էլ տիրապետում են պաշարների մեծ մասին, բայց տվյալներ չեն հրապարակում, ինչն էլ սպեկլույացիաների պատճառ է դառնում․ շուկաները կանխատեսում են պահանջարկի աճն ու սպեկուլյատիվ քայլերի են դիմում, ինչով էլ բացատրվում է պարենամթերքի գնաճը համաշխարհային շուկայում։