10/06/2022 10:09
«Ժողովուրդ». ՔՊ կուսակցության ներսում Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանին այդքան էլ չեն ընդունում
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը պաշտոնավարման 100-րդ օրվա առնչությամբ այսօր մամուլի ասուլիսով հանդես կգա: «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները հայտնում են, որ նորանշանակ մարզպետին իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներսում այդքան էլ չեն ընդունում: ՔՊ-ամերձ մեր աղբյուրները հայտնում են, որ կուսակցության սյունիքյան թևը որևէ կերպ չի հասկանում՝ ինչպես կարող էին Ճամբարակի Կալավանից ղեկավար բերել այդ կարևոր մարզի համար:
«Ամբողջ մարզպետարանն իր սիրելի մարդկանցով է լցրել: Անհասկանալի, անընդունելի էր, երբ իրեն տեղակալ նշանակեց լրագրող Նարե Ղազարյանին, որ Փաշինյանի ակտիվ քննադատներից էր ու մասնակցում էր ընդդիմադիրների բոլոր երթերին, ակցիաներին», - ասաց մեր զրուցակիցը՝ հավելելով, որ մարզպետին թեև հաջողվել է Փաշինյանին համոզել ու Ղազարյանին փոխմարզպետի պաշտոնում նշանակել, այնուամենայնիվ, ՔՊ-ի՝ Սյունիքի ակտիվն այդ նշանակման հետ որևէ կերպ չի հարմարվում: Ըստ մեր լուրերի՝ ՔՊ-ականները պատրաստվում են ներկուսակցական ստորագրահավաք սկսել՝ ոչ միայն ընդդեմ Ղազարյանի, այլև ընդդեմ մարզպետ Ղուկասյանի:
«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը, անդրադառնալով Ղազարյանի նշանակմանը և այդ առնչությամբ ՔՊ-ականների անհանգստությանը, նշեց. «Այդպիսի բան չկա, նեղ շրջանակներ են այդպես քննարկում, բայց իրականում այդպիսի բան չկա: Ինչ վերաբերում է մարզպետարանի աշխատանքներին, ապա մեծ աշխատակազմ ունենք, կարող ենք հարցնել յուրաքանչյուրին, ու կասեն՝ մարզպետարանն այսքան ներդաշնակ երբեք չի եղել»:
Մեր զրուցակիցը, սակայն, փոխանցում է, որ ՔՊ-ականները որպես Սյունիքի մարզպետ դիտարկում են ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Դավիթ Դանիելյանի թեկնածությունը, որը մտերմիկ հարաբերություններ ունի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի ու վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի հետ: Նա, սակայն, պարտված թեկնածու է. Կապանում խայտառակ պարտություն կրեց ներկայիս համայնքի ղեկավարի հետ մրցակցությունում»։