10/06/2022 11:23
Դեպի Ստեփանակերտ կառուցվում է շրջանցող ճանապարհ. եթե ճանապարհը հանձնվի շահագործման, մենք ամբողջությամբ կորցնելու ենք Բերձորի շրջանը. Իշխան Սաղաթելյան
Ազգային ժողովի փոխնախագահ Իշխան Սաղաթելյանի պնդմամբ՝ ՀՀ իշխանությունները որևէ կերպ որևէ տեղ չեն կարողանում պատշաճ ներկայացնել հայ ժողովրդի ու Հայաստանի շահերը, այդ թվում՝ նաև ՀԱՊԿ-ում։
«Ե՛վ պատերազմի ընթացքում, և՛ պատերազմից հետ, երբ ադրբեջանական զորքերը ներխուժեցին Հայաստանի ինքնիշխան տարածք, մենք մինչև այսօր պատշաճ բացատրություն ու պարզաբանում չունենք՝ արդյո՞ք Հայաստանի իշխանությունները դիմել են ՀԱՊԿ-ին, արդյո՞ք դիմել են ճիշտ հոդվածներով ու կանոնակարգով ու ի՞նչ պատասխան են ստացել, այս իմաստով իրենց քայլերն ու գործողությունները շարունակում են մնալ անհասկանալի», - լրագրողների հետ զրույցում ասաց Իշխան Սաղաթելյանը։
Անդրադառնալով լուրերին՝ իբր, իշխանությունը պատրաստվում է հերթական անգամ «հողեր հանձնել»՝ Իշխան Սաղաթելյանն ասաց, թե Ադրբեջանի կոմից կառուցվում է այլընտրանքային ճանապարհ, կարծես թե, Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևն ունեն «դավադիր համաձայնություն»։
Իշխան Սաղաթելյանը կարծում է, թե հայկական կողմը կկորցնի Բերձորի (Լաչինի) ճանապարհը։
«Այսինքն՝ դեպի Ստեփանակերտ կառուցվում է շրջանցող ճանապարհ, իսկ եթե այդ ճանապարհը հանձնվի շահագործման, նշանակում է, որ մենք ամբողջությամբ կորցնելու ենք Բերձորի շրջանը, այդ թվում՝ Աղավնոն, որոշ հայկական գյուղեր ու, ամենակարևորը, թշնամու ենթակայության տակ են անցնելու մեր ողջ կոմունիկացիաները։ Սա նշանակում է՝ ամբողջական գտնվելու ենք կախման մեջ ու այն, որ ասում ենք՝ Արցախի հայաթափում, նաև սա նկատի ունենք», - հայտարարեց ԱԺ փոխնախագահը։
Նա ասաց, թե հաջորդ հանրահավաքին այս թեմայով մանրամասն վերլուծությամբ են հանդես գալու, որպեսզի հանրությունը տեղեկանա, թե ինչ նոր «դավադիր ծրագրի» մասին է խոսքը։