11/06/2022 17:10
Պորտային և աճուկային ճողվածքներ. ախտանշանները, բուժումը
Ճողվածքները տարբերակում են ըստ անատոմիական տեղադրությամբ, կլինիկական արտահատությամբ, հնարավոր հետևանքներով։ Երեխաների դեպքում ամենից հաճախ դրսևորվում են աճուկային և պորտային ճողվածքները։
Ճողվածքներն օրգանիզմում առկա խոռոչներից խոռոչի պարունակություն հանդիսացող օրգանի դուրս գալն է խոռոչի սահմաններից՝ առանց պատի ամբողջականությունը խախտելու։ Պորտային և աճուկային ճողվածքների դեպքում այդ սահմանը որովայնի առաջային պատն է։
Աճուկային և պորտային ճողվածքները բնածին են։
Պորտային ճողվածքի դեպքում ծնվելուց հետո նորմայում պորտային օղը լցվում, փակվում է ֆիբրոզ շարակցական հյուսվածքով, սակայն եթե պրոցեսը դանդաղում է, օղը չի փակվում լիարժեք, օրգանը կարող է դուրս գալ՝ առաջացնելով պորտային ճողվածք։
Աճուկայինի դեպքում՝ պտղի ներարգանդային կյանքում ամորձիները սաղմնադրվում են պտղի որովայնի խոռոչում, հղիության վերջին շրջանում աստիճանաբար իջնում են դեպի փոշտ։ Ինքնուրույն գործընթաց չէ. որովայնամիզը երկու աճուկային շրջանում արտափքումներ է առաջացնում, տարածություն ստեղծում, որպեսզի ամորձիները, աղջիկների դեպքում արգանդի կլոր կապանը աճուկային խողովակներով իջնեն և տղաների դեպքում ֆիքսվեն ամորձիների փոշտում, աղջիկների դեպքում՝ աճուկային շրջանում։ Այս գործընթացը ավարտվելուն պես տարածությունը, որ կոչվում է բունոցային ելունում, նորմայում խցանվում, վերանում է, այն դեպքում երբ չի խցանվում, լայն է մնում, կարող է նրա մեջ օրգանի մաս, օրգան մտնել՝ առաջացնելով ճողվածք։
Պորտային և աճուկային ճողվածքները ներարգանդային կյանքում հնարավոր չէ հայտնաբերել։
Ախտանանները՝
Պորտայինի դեպքում՝ պորտի արտափքում
Աճուկայինի դեպքում՝ (միակողմանիի դեպքում) ասիմետրիա, (երկկողմանիի դեպքում) աճուկային շրջաններում արտափքվածություն:
Ախտոոշում՝
Արտաքին տեսքի զննություն, կարող է զուգակցվել ուլտրաձայնային հետազոտությամբ։
Պորտային ճողվածքները հազվադեպ են բարդանում, որպես կանոն մինչև հինգ տարեկանն ինքնուրույն անցնում են, եթե հինգ տարեկանից հետո չի անցնում, առաջանում է միջամտության անհրաժեշտություն։
Աճուկային դեպքում կա բարդության վտանգ՝ ճողվածքի օղակում. ճողվածքապարկի պարունակություն հանդիսացող օրգանի մի մասը կամ օրգանը, դուրս գալով ճողվածքապարկի մեջ, ճողվածքամուտքի օղում կարող է սեղմվել, այդպիսով խանգարվում է վերջինիս սնուցումը՝ հանգեցնելով օրգանի մեռուկացման։
Պորտային ճողվածքների դեպքում բուժման կոնսերվատիվ մեթոդներ կան՝ հատկապես վաղ մանկական տարիքում պետք է երեխային ավելի շատ փորի վրա դնել, որպեսզի որովայնի առաջային պատի մկանները զարգանան և աստիճանաբար այդ ճեղքը փակվի, ինչպես նաև լողացնելիս շրջանաձև մերսումներ անել՝ դարձյալ մկանները ստիմուլացնելու համար։ Տարածված կարծիքը, թե պետք է պորտին մետաղադրամ դնել, սեղմել, կապել, ոչ միայն արդյունավետ չէ, այլ նաև վտանգավոր է. առարկաների սեղման դեպքում պորտի նուրբ մաշկը կարող է վնասվել։
Աճուկայինի դեպքում բուժումը վիրահատական է, ցուցվում է հայտնաբերման պահից սկսած՝ հաշվի առնելով օղակման բարդության հավանականությունը։
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։
Բաժնի բոլոր նյութերին կարող եք ծանոթանալ ԱՅՍՏԵՂ։