11/06/2022 16:30
Օստեոխոնդրոզ. ախտանշանները, պատճառները, բուժումը
Ողնաշարի դեգեներատիվ դիստրոֆիկ փոփոխությունները, որ ընդունված է անվանել օստեոխոնդրոզ, 24-ից 25 հիվանդությունների խումբ է։ Ողնաշարի ձևախախտական փոփոխություններով պայմանավորված ախտահարվում են միջողային սկավառակները, նաև այլ անատոմիական մասեր, ըստ ողնաշարի տարբեր հատվածների ախտահարումների՝ պարանոցային, կրծքային, գոտկասրբանային, ախտանշաններն ու բուժումն էլ տարբեր են։
Ախտանշանները՝
• Պարանոցի խնդիրների դեպքում գլխացավ, գլխապտույտ, ցավ և թմրածություն վերին վերջույթներում
• Կրծքային խնդիրների դեպքում միջկողային նևրալգիա, ցավ կրծքավանդակի հարթիակային հատվածներում. (Եթե ցավը սրտի հատվածում է, ապա դիրքի փոփոխությամբ կարող է անցնել, ինչը չի լինում կարդիոխնդիրների դեպքում):
• Գոտկային խնդիրների դեպքում գոտկային հատվածի ցավ, ստորին վերջույթների ցավ, թմրածություն, ցավ դեպի աճուկային շրջան և որովայն
Պատճառները՝
• Նյութափոխանակության խանգարումներ
• Նստակյաց կյանք
• Ֆիզիկական ոչ բավարար ակտիվություն
• Ծանրաբեռնված աշխատանք
Ողնաշարն օրգանիզմի համար երկու կարևորագույն ֆունկցիա է կատարում՝ հենաշարժողական և պաշտպանողական։ Միջողային սկավառակները բարդ կառուցվածք ունեն, ճողվածքները միջողային սկավառակի դեֆեկտներ են։ Միջողային սկավառակները վնասվում են մի շարք գործոններով պայամանավորված՝ ավել քաշ, նստակյաց կյանք, ֆիզիկական պասիվություն, ծանրաբեռնվածություն, գենետիկա, նյութափոխանակության խանգարում։
Ֆիզիոլոգիական փոփոխությունները լինում են բնածին և ձեռքբերովի, առվել տարածված է ձեռքբերովին՝ մանկական շրջանից համակարգիչների, գաջեթների չարաշահման պատճառով առաջանում են հիպերկիֆոզ կամ սկոլիոզ. ժամանակին չբուժելու դեպքում կարող են հանգեցնել շնչառական, սիրտանոթային խնդիրների։
Ախտորոշում՝
• Ռենտգեն հետազոտություն
• Համակարգչային շերտագրություն՝ ԿԱՏԵ
• Մագնիսառեզոնանսային շերտագրություն՝ ՄՌՏ
Բուժման տարբերակները՝ թերապևտիկ և վիրահատական։
Բժշկի պետք է դիմել, երբ կա ողնաշարի ցավ և տևում է մեկ շաբաթից ավել։ Միջազգային ուղեցույցներում հստակ են վիրահատության ցուցումները. օրինակ, եթե ճողվածքի մակերեսը և տեղակայումն այնպիսինն է, որ «նստած» է գոտկային նյարդաարմատներից մեկի վրա, և դրա հաշվին ոտքը ատրոֆիայի է ենթարկվում, սաստիկ ցավեր են, որ ոչ դեղորայքով, ոչ թերապիաներով չեն անցնում, ապա պետք է դիմել վիրահատության։
Վիրահատություն ցուցված է բարձր աստիճանի սկոլիոզների դեպքում, ճողվածքների դեպքում վիրահատության անհրաժեշտությունը պայմանավորվում է ճողվածքի չափով, տեղակայումով, ախտանշաններով։
Ողնաշարի ցավի ի հայտ գալուն պես՝ վաղ շրջանում մասնագետի դիմելով հնարավոր է կանխել վիրահատական միջամտությունների անհրաժեշտությունը։
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։