11/06/2022 16:10
Հիմքերը, որոնցով նախաքննության մարմինը, քրեական գործը հարուցելուց 20 ամիս անց, կալանքի միջնորդությամբ մտել էր դատարան, պարզապես ծիծաղելի էին․ Բագրատ Եսայան
«Սա իսկապես հաղթանակ էր, որովհետև այն հիմքերը, որոնցով նախաքննության մարմինը քրեական գործ հարուցելուց 20 ամիս անց կալանքի միջնորդությամբ մտել էր դատարան, ուղղակի ծիծաղելի էին»,- այս մասին, ինչպես հայտնում է Tert.am-ը, դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ասել է ՀՅԴ անդամ, «Երկիր մեդիա» ՀԸ տնօրեն Բագրատ Եսայանը, որին կալանավորելու միջնորդությունը դատարանն այսօր մերժել էր։
«Ի պատիվ դատավորի՝ ասեմ, որ նա կայացրեց արդարացի վճիռ, քանի որ այսօր մենք ականատես ենք բավականին անարդար որոշումների, վճիռների»,- ասել է Բագրատ Եսայանը։
Նրա համար անհասկանալի է, թե ինչու ձերբակալությունից 10 ժամ անց քննիչը հապճեպ կալանքի միջնորդություն է ներկայացրել դատարան։
«Դատավարությունը ընթանում էր մինչև գիշերը ժամը 4-ը։ Ընդհանրապես աբսուրդի ժանրից էր այն, ինչը ներկայացել էին դատարան։ Մնում էր միայն Քեննեդու սպանության մեջ, Շուշիի հանձնման մեջ ինձ մեղադրեին ու այդ հիմքով կայանքի միջնորդություն ներկայացնեին։ Այս քրեական գործը ընդամենը մեկ էպիզոդի վրա էր հիմնված։ Ապրիլից սկսած, երբ ակտիվացավ Դիմադրության շարժումը և «Երկիր մեդիան», որի տնօրենն եմ ես, կտրուկ ակտիվացրեց իր աշխատանքները, միանգամից ակտիվացրին 18 ամիս քնած այս քրեական գործը»,- նշել է Բագրատ Եսայանը։
Նշենք, որ Բագրատ Եսայանը ձերբակալվել էր հունիսի 10-ին։