11/06/2022 20:14
«Հայաստանում մոտ 5 տասնյակ քաղբանտարկյալներ, հարյուրավոր քաղհալածյալներ կան․ կեղծ բարեպաշտների կողմից որևէ կերպ չի դատապարտվում ժողովրդավարության ոտնահարումը»․ ակցիայի մասնակիցներ
Ընդդեմ քաղաքական բռնաճնշումների բողոքի ակցիայի մասնակիցները հասան ՀՀ գլխավոր դատախազության շենքի մոտ։ Քայլերթի շատ մասնակիցներ, դատախազության դիմաց շղթայելով իրենց ձեռքերը, այսպիսով իրենց բողոքն արտահայտեցին ապօրինի ձերբակալությունների նկատմամբ։
«Հայաստանում մոտ 5 տասնյակ քաղբանտարկյալներ, հարյուրավոր քաղհալածյալներ կան, որոնց նկատմամբ քրգործեր հարուցելով՝ իշխանությունը փորձում է լռեցնել նրանց, թույլ չտալ, որ քաղաքական տարակարծություն լինի Հայաստանում»,- հայտարարեցին նրանք։
Բողոքի ակցիայի մասնակիցներն ընդգծեցին՝ Հայաստանում ժողովրդավարությունը ոտնահարվում է, արդարադատությունն՝ ընտրովի իրականացվում։
«Կեղծ բարեպաշտների կողմից որևէ կերպ չի դատապարտվում ժողովրդավարության՝ պարզապես ոտքի տակ հայտնվելը։ Հայաստանում ընտրովի արդարադատություն է։ Մարդկանց, ովքեր կողմ են իշխանությանը, ամեն ինչ թույլատրվում է, իսկ նրանց նկատմամբ, ովքեր դեմ են իշխանությանը, քրգործեր են հարուցվում։
Սա է մեր երրի այսօրվա իրական պատկերը, և այս պատկերին մենք ասում ենք՝ ոչ»,- ասացին նրանք։