11/06/2022 17:42
Բուժաշխատողների շարունակական մասնագիտական զարգացման համակարգի ներդրման վերաբերյալ տեղեկատվություն ներկայացվեց ԱՆ պատասխանատուների կողմից
Այսօր Լոռու մարզպետարանում հյուրընկալվել էին ՀՀ առողջապահութան նախարարի տեղակալ Լենա Նանուշյանը, նախարարության Առողջապահության ազգային ինստիտուտի, Մասնագիտական գործունեության հավաստագրման ազգային կենտրոնի ներկայացուցիչները՝ նախարարության կողմից իրականացվող բարեփոխումների շրջանակներում բուժաշխատողների հավաստագրման գործընթացի, շարունակական մասնագիտական զարգացման համակարգի ներդրման վերաբերյալ տեղեկատվության ներկայացման նպատակով:
Խորհրդակցությունը վարում էր մարզպետի տեղակալ Հովհաննես Ավետիսյանը, ներկա էին Լոռու մարզպետարանի պատասխանատու պաշտոնյաներ, մարզի առողջապահական հիմնարկների ղեկավարները:
Ողջունելով ներկաներին՝ Հովհաննես Ավետիսյանը վստահեցրեց, որ մարզպետարանը պատրաստ է, սերտորեն համագործակցելով նախարարության և մարզի բուժհաստատությունների հետ, աջակցել գործընթացի պատշաճ կազմակերպմանը:
Լենա Նանուշյանը, կարևորելով Բուժաշխատողների շարունակական մասնագիտական զարգացման համակարգի ներդրումը, նշեց, որ օրենքն ուժի մեջ է մտնում 2023թ. հունվարի 1-ից, իսկ մինչ այդ պետք է ջանքեր գործադրել գործընթացը կազմակերպելու համար, որովհետև արդեն հունվարի 1-ին այն բուժաշխատողներն, ովքեր չեն ունենա անհրաժեշտ կրեդիտները, դուրս կմնան համակարգից:
«Մենք շահագրգռված ենք, որ մարզի բուժաշխատողները կարողանան հավաքել անհրաժեշտ կրեդիտները, քանի որ մարզերում անգամ մեկ մասնագետի բացակայությունը, կարող է լուրջ խնդիրներ առաջացնել, և մենք այստեղ ենք բացահայտելու առկա խնդիրները, որպեսզի կարողանանք օգտակար լինել»,-ասաց փոխնախարարը:
Ներկաներին հանգամանորեն ներկայացվեցին գործընթացի հետ կապված անհրաժեշտ պահանջները, ընթացակարգերը: Նախարարության պատասխանատուները պատասխանեցին առաջադրված հարցերին և խնդիրների լուծման ուղիներ առաջարկեցին: