13/06/2022 19:40
Կոմա. առաջացման հիմնական պատճառները
Կոմա՝ թարգմանաբար նշանակում է խոր քուն, կյանքին վտանգ սպառնացող վիճակ է, ուղեկցվում է գիտակցության կորստով, արտաքին ազդակների (լույս, ձայն, ցավ) հանդեպ ռեակցիայի բացակայությամբ։
Կենտրոնական նյարդային համակարգի ախտահարումով ընթացքող կոմայի զարգացումը պայմանավորվում է տարբեր պատճառներով՝ գլխուղեղի արյան շրջանառության սուր խանգարումներից մինչև թունավորումներ։
Կոմայի մեջ հնարավոր է մնալ օրեր, շաբաթներ, տարիներ։ Այն չի դիտարկվում որպես ինքնուրույն հիվանդություն, այլ՝ այս կամ այն հիվանդության հետևանք, բարդություն։
Առաջացման հիմնական պատճառները՝
Առաջնային ուղեղային կոմա. տեղի է ունենում կենտրոնական նյարդային համակարգի կամ առանձին մասերի անմիջական վնասում, պատճառ կարող են լինել գանգուղեղային ծանր վնասվածքները, գլխուղեղի արյան շրջանառության սուր կամ քրոնիկ խանգարումները։
Ամենահաճախ հանդիպող պատճառներից են նյութափոխանակության խանգարումները՝ էնդոկրին համակարգի խանգարումները՝ շաքարային դիաբետը հատկապես (արյան մեջ գլյուկոզայի մակարդակի բարձրացումները, իջեցումները)։ Բարձրացման դեպքում օրգանիզմը որպես պաշտպանական ռեակցիա, փորձում է հավելյալ գլյուկոզան դուրս բերել օրգանիզմից և քայքայել, քայքայման հետևանքով առաջացած արգասիքները՝ կետոնները, թափանցելով գլխուղեղը պաշտպանող թաղանթներ, վնասում են գլխուղեղի բջիջները, առաջանում է հիպերգլիկեմիկ կոմա։
Արյան մեջ շաքարի մակարդակի անկումով առաջացած կոմայի դեպքում արյան մեջ անմիջապես գլյուկոզա ներարկելիս կոմայից դուրս են գալիս։
Թունավորումները ևս կոմայի պատճառ են։ Ինչպես էկզոգեն՝ արտաքինից ներմուծված, այնպես էլ էնդոգեն՝ օրգանիզմում արտադրված։ Լյարդի, երիկամի անբավարարության հետևանքով առաջացած թույները, շրջանցելով ուղեղը պաշտպանող թաղանթները, վնասում են գլխուղեղի բջիջները։
Կարևոր է գիտակցության կարճատև կորուստները չնույնացնել կոմաներին, տարբերակման համար պետք է հերքել, բացառել այն բոլոր գործոնները, որ պատճառ են դառնում կոմայի առաջացման։
Բուժումը պայմանավորված է հիմնական հիվանդությամբ, որը կոմայի պատճառ է դարձել։
Կլինիկական մահն էլ, կոման էլ կյանքին սպառնացող վիճակներ են, բայց հիմնական տարբերությունը ժամանակահատվածն է. կլինիկական մահվան դեպքում քիչ ժամանակահատված կա կյանքը փրկելու գործողությունների համար. շատ կարճ ժամանակում տեղի է ունենում գլխուղեղի սնուցման խանգարում։
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։
Բաժնի բոլոր նյութերին կարող եք ծանոթանալ ԱՅՍՏԵՂ։