13/06/2022 18:50
Շոփահոլիզմ՝ մոլու՞ցք, թե՞ զվարճանք. Խորհուրդներ հոգեբանից
Շոփահոլիզմը մեր օրերում բավականին տարածված երևույթ է, այլ հարց է, թե որքանո՞վ է գիտակցում մարդը, որ ունի կախվածություն խանութներից, աննպատակ գնումներից և մոլուցք դարձած այլ սովորություններից։
Շոփահոլիզմի, մարդու վրա գնումների ազդեցության մասին Aysor.am-ը զրուցել է հոգեբան Աննա Սարխոշյանի հետ.
«Երևույթը շատ հաճախ կարող է զարգանալ ուշադրության պակասի, միայնության և ներքին դատարկության զգացումների, ճանաչման և սիրո անհրաժեշտության, ինչպես նաև՝ կորստի պատճառով ընկճվածության ժամանակաշրջանում։
Մոլուցքը կարող է դրսևորվել մի շարք ախտանիշներով
Խանութ գնալ առանց կոնկրետ իր գնելու հստակ ցանկության
Ստուգել, փորձել վաճառքի դրված ապրանքների մեծ մասը
Առանց օբյեկտիվ պատճառի որևէ բան գնելու ցանկություն ունենալ
Մշտապես քննարկել գնված իրերը։
Խանութներում շոփահոլիկները կարողանում են ադրենալինի մեծ չափաբաժին ստանալ, քանի որ գնման որոշում կայացնելը և հնարավոր հիասթափությունը միկրոսթրեսներ են, իսկ օրգանիզմը արագ ընտելանում է ադրենալինին, որն էլ ստիպում է կրկին ու կրկին վերադառնալ։
Հոգեբանը զրույցում նշեց, որ հաճախ գնումները կատարվում են գնորդի նկատմամբ վաճառողների վերաբերմունքով պայմանավորված իշխանության պատրանք ստեղծելու համար. հարգանք, օգտակար վերաբերմունք, շոյող գովասանք և այլն:
Գնումներ կատարելը հեռացնում է դեպրեսիան և անհանգստությունը, բարձրացնում ինքնագնահատականը և ինքնավստահությունը. մարդը գնումներից ազատության զգացում է ունենում, նույնիսկ՝ եթե իրերի կարիքը չունի։ Սա ևս ստեղծում է ազատության և կյանքի նկատմամբ վերահսկողության պատրանք:
«Շոփահոլիզմն ուղեկցվում է նաև տհաճ զգացողություններով, որոնք գնորդի մոտ առաջացնում են մեղքի, անպետքության զգացում, զղջում։ Շատ են դեպքերը, երբ շոփինգի մոլուցքը հանգեցրել է ընտանիքների ֆինանսական բարեկեցության անկման, կամ, ծայրահեղ դեպքերում, ընտանիքի կործանման», - ասաց Աննա Սարխոշյանը։
Ծախսերի վերահսկման խորհուրդներ հոգեբանից
Պլանավորել և ուսումնասիրել շուկան: Մասնագետները խորհուրդ են տալիս նախապես վերլուծել, թե ինչ ապրանք է պետք գնել՝ ինքնաբուխ գնումներ չկատարելու համար։
Զեղչը գնելու պատճառ չէ։ Եթե վաճառքի ժամանակ ապրանքը մի քանի անգամ զեղչվել է, դա դեռ չի նշանակում, որ այն անհրաժեշտություն է։
Խուսափել քարտային գնումներից։ Կանխիկը մարդուն թույլ է տալիս ավելի լավ զգալ գումար ծախսելու և իրեր ձեռք բերելու կապը:
Գնումների ցուցակ կազմել։ Պահպանելով անդորրագրերը և գրանցելով բոլոր գնումները՝ կարող եք ավելի հեշտությամբ գնահատել ձեր ծախսերի իրական պատկերը և հասկանալ, թե ինչ գործողություններ պետք է ձեռնարկել:
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։