13/06/2022 11:28
Կամո Ունանյանը 5-րդ անգամ դարձել է Եվրոպայի չեմպիոն
Հունիսի 10-12-ը Խորվաթիայի Վարազդին քաղաքում կայացել է օլիմպիական կարատեի 4 պաշտոնական ոճերից մեկի՝ շիտորյու մարզաձևի եվրոպայի առաջնությունը։ Այս տարի Եվրոպայի առաջնությանը մասնակցել է 34 երկիր։
Առաջնությունում Հայաստանը ներկայացրել է սպորտային կարատեի աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, Հայաստանի կարատեի միության հիմնադիր Կամո Ունանյանը, հայտնում են Հայաստանի կարատեի միության լրատվականից։
Հայ մարզիկը մրցելով նախ անգլիացի, հետո՝ իսպանացի, սլովենացի և ռումինացի մարզիկների հետ, 4 մարտերում հաղթանակներ գրանցելով, դարձել է Եվրոպայի չեմպիոն։
«Մեկնելուց առաջ խոստացել էի, որ գնում եմ ոսկե մեդալի հետևից, ինչպես միշտ, խոստումս կատարեցի», - ասել է Կամո Ունանյանը, ով 5-րդ անգամ է նվաճում սպորտային կարատեի Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը։
Ի դեպ, ինչպես արդեն հայտնի է, այս առաջնությունից հետո Կամո Ունանյանը Եվրոպայում մեջքի վիրահատության կենթարկվի․ «Վերջին 4 տարիների ընթացքում 3 անգամ մեջքի վիրահատություն եմ ունեցել, հուսով եմ՝ սա վերջինը կլինի», - ասել էր Ունանյանը։
Հիշեցնենք, որ Կամոն տարիներ առաջ առաջնություններից մեկի ժամանակ մեջքի լուրջ վնասվածք էր ստացել և վերջին 4 տարիների ընթացքում պարբերաբար բուժում է ստանում տարբեր երկրներում։