13/06/2022 16:09
Արցախի Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը Ֆրանսիայում է
Փարիզում Արցախի խորհրդարանի ղեկավար Արթուր Թովմասյանը հանդիպել է Ֆրանսիայում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Հովհաննես Գևորգյանի և ներկայացուցչության անձնակազմի հետ։
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել 2020 թվականի 44-օրյա պատերազմի ընթացքում ֆրանսիական քաղաքական գործիչների և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից Արցախին ցուցաբերած օժանդակության, և այն շարունակական դարձնելու անհրաժեշտության մասին:
ԱԺ նախագահը հատուկ ընդգծել է պատերազմից անմիջապես հետո Ֆրանսիայի Սենատի և Ազգային ժողովի կողմից Արցախի Հանրապետության ճանաչման մասին բանաձևերի ընդունման կարևորությունը:
Հանդիպմանը Արթուր Թովմասյանը բարձր է գնահատել Ֆրանսիայում Արցախի մշտական ներկայացուցչության աշխատանքը:
ԱԺ նախագահի հանդիպումները շարունակվելու են ֆրանսիական քաղաքական շրջանակների և ֆրանսահայ համայնքի ներկայացուցիչների հետ, որոնց մասին հավելյալ տեղեկություններ կտրամադրվեն Արցախ վերադառնալուց հետո: