14/06/2022 20:30
Միկրոցեֆալիա. ախտանշանները, բուժումը
Միկրոցեֆալիան մարդու գանգի շրջագծի փոքր չափերով (4-ից 6 սմ կամ ավելի նվազ) պայմանավորված հիվանդություն է։
Ախտանշանները՝
• Գլխի չափերի փոքրություն
• Ցնցումային նոպաներ
• Մտավոր և ֆիզիկական էտապային զարգացման հապաղում
Բնորոշվում է գլխի սխալ կառուցվածքով, փոքրացած շրջաչափով, հաճախ ուղեկցում է մտավոր տարբեր խնդիրներով։
Առաջացման հիմնական պատճառները գենետիկական, ժառանգական են, գործոն է նաև հղիության ընթացքը, հատկապես առաջին շաբաթներին վիրուսային հիվանդությունները՝ հերպես, կարմրախտ, ցիտոմեգալովիրուս։ Ներարգանդային կյանքի փուլում նաև գործոն են վնասվածքները, ճառագայթները։
Միկրոցեֆալիայի դեպքում գլխի չափերը մարմնի կամ դիմային գանգի համեմատ փոքր են լինում, անհաս ծնված նորածինների դեպքում ևս գլխի շրջագիծը փոքր է լինում, բայց դա համեմատվում է կրծքավանդակի շրջագծի, քաշի հետ։
Ոչ հազվադեպ միկրոցեֆալիան կարող է զուգակցվել այլ՝ մարմնի, քիմքի, ներքին օրգանների արատների հետ։
Կլինիկական ախտանշանները՝
Դեռ նորածնային շրջանում աչքի է ընկնում հիվանդության ֆիզիկական արտահայտվածությունը՝ գանգի փոքր չափը, հնարավոր են նաև քիմքի զարգացման, ակնային խանգարումներ, նապաստակի շրթունք։ Որպես կանոն նման հիվանդություն ունեցող երեխաներն ավելի ուշ են նստում, քայլում, խոսում։ Նկատելի են նաև մտավոր խանգարումներ։ Կյանքի առաջին ամիսներից սկսած հնարավոր են ցնցումներ։
Հետազոտությունները՝
Հիվանդությունը հնարավոր է ախտորոշել ներարգանդային փուլում՝ երկրորդ, երրորդ եռամսյակի ընթացքում՝ ուլտրաձայնային հետազոտությամբ։
• Ռենտգեն հետազոտություն
• Համակարգչային շերտագրում
• Մագնիսառեզոնանսային տոնոգրաֆիա
• Նեյրոսոնոգրաֆիա
Հիվանդությունը լիարժեք բուժում չունի, բուժական միջամտությունները ախտանշանային բնույթ ունեն, քանի որ հիվանդությունը զուգորդվում է այլ պաթոլոգիաների հետ կարիք կա համալիր միջամտության՝ նյարդաբանի, ֆիզիոթերապևտի, լոգոպեդի, ռեաբիլիտոլոգի, դիմածնոտային վիրաբույժի։
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։
Բաժնի բոլոր նյութերին կարող եք ծանոթանալ ԱՅՍՏԵՂ։