14/06/2022 16:20
Ցրված սկլերոզի հետքերով. թանկ բուժում, սոցիալական պրոբլեմ. զրույց՝ պրոֆեսոր Գուրգեն Հովհաննիսյանի հետ
Aysor.am-ը շարունակում է Ցրված սկլերոզ հիվանդության մասին բացահայտումները։
Այս անգամ հիվանդության բարդությունների, ժամանակին ու ճիշտ ախտորոշման, սոցիալական խնդրի ու դեղորայքային բուժման մասին զրուցել ենք Բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Հայաստանի նյարդաբանների ասոցիացիայի նախագահ, «Քանաքեռ-Զեյթուն» ԲԿ նյարդաբանական ծառայության ղեկավար, ԵՊԲՀ նյարդաբանության ամբիոնի պրոֆեսոր Գուրգեն Հովհաննիսյանի հետ։
Ցրված սկլերոզը դեգեներատիվ, աուտոիմուն հիվանդություն է
«Ուշ թե շուտ, կեղևում, ենթակեղևում սկսում են զարգանալ որոշ օջախներ, որոնք սկսում են խանգարել ուղեղի նորմալ աշխատանքին ու շատ արագ տեմպերով բերում են հաշմանդամության։ Ցրված սկլերոզով հիվանդներն ապրում են 30-40-50 տարի, բայց շատ արագ դառնում են հաշմանդամ։ Այսինքն՝ եթե մենք վերցնենք հիվանդության սկզբից՝ առաջին հինգ տարվա մեջ մինչև 50 տոկոսը հաշմանդամություն են ձեռք բերում, եթե չբուժվեն, 10 տարվա ընթացքում 50-ից ավելի տոկոս հիվանդները չեն կարողանում ինքնուրույն տեղափոխվել, իսկ 15 տարուց հետո նրանք չեն կարողանում սպասարկել իրենց, դառնում են անկողնային»։
Սա այն հիվանդությունն է, որն ավելի շատ ունի սոցիալական պրոբլեմ
«Այսօրվա դրությամբ ամբողջ աշխարհում լիարժեք բուժում չկա, իսկ այն, ինչը կա, ցավոք սրտի, Հայաստանի պայմաններում չենք կարող կիրառել, ըստ այդմ, հիվանդությունը դառնում է սոցիալական պրոբլեմ»։
Կան հիվանդության չարորակ դեպքեր
«Այս հիվանդության արտահայտվելուց ու ախտորոշվելուց հետո մի քանի ամսվա մեջ մարդիկ մահանում են, բայց դրանք շատ քիչ տոկոս են կազմում։ Հիվանդությունը, երբ սկսում է զարգանալ, ապա գիտենք, որ այն մահացու չէ ու ունենք բավական ժամանակ, որ հիվանդությունը կարողանանք բուժել։ Ինչքան շուտ մենք սկսենք բուժել հիվանդությունն, այդքան ավելի լավ։ Եթե հիվանդության նշաններից է սկսում բուժումը, ապա հաշմանդամություն ձեռք բերելու ժամկետները երկարում են, այսինքն՝ մարդն ուշ է դառնում հաշմանդամություն ունեցող, կամ չի դառնում։ Եթե հիվանդությունը չի բուժվում այսօրվա ստեղծված կամ աշխատող դեղորայքով, ապա շատ արագ ձևով բերում է հաշմանդամության»։
Հայաստանում շատ հիվանդներ չկան, մոտավորապես 500 հիվանդ է
«Հաշվի առնելով, որ հիվանդները չեն կարողանում լիարժեք բուժում ստանալ Հայաստանի սահմաններում, շատերը գնում են արտասահման։ Ռուսաստանում, օրինակ, Ցրված սկլերոզի բուժումն անվճար է, բայց ՌԴ քաղաքացիների համար, իսկ շատ մարդիկ էլ գնում են արտասահման ու հազարավոր դոլարներ ծախսում բուժման համար, մինչդեռ, Հայաստանում կարելի է անել ավելի մատչելի գներով՝ հաշվի առնելով, որ դեղագործական ֆիրմաները Հայաստանի նկատմամբ ավելի լավ են տրամադրված ու իջեցված գներով են դեղորայք մատակարարում»։
Դեղորայքային բուժումը
«Դեղորայքային բուժումը բավականին թանկ է։ Հայաստանում այսօր ներմուծվում է ընդամենը մեր պրեպարատ. տարվա կտրվածքով՝ 3 ներարկումն արժի 10-ից 11 հազար դոլար։ Ընդհանրապես, բոլոր այն դեղերը, որոնք ընդունված են ամբողջ աշխարհում՝ մոտավորապաես 20 դեղորայք, շատ թանկ են՝ 8-ից 15 հազար դոլար։ Հաշվի առնելով, որ Ցրկված սկլերոզով հիվանդները դեղորայքն առնվազն 2 տարի պետք է ստանան, ստացվում է, որ երկու տարվա համար հիվանդը մոտավորապես 20-ից 25 հազար դոլար փող կծախսի»։
Դիմել են Առողջապահության նախարարություն, քանի որ հիմա պետության կողմից ավելի շատ է ուշադրություն դարձվում ժողովրդի առողջության վրա
«Դիմել ենք առողջապահության նախարարություն այն խնդրանքով, որ, եթե հնարավորություն կա, պետությունը հոգա ծախսերը։ Ես կարծում եմ՝ այսօրվա դրությամբ պետության կողմից ավելի շատ է ուշադրություն դարձվում ժողովրդի առողջության վրա, կարծում եմ՝ մենք կկարողանանք պետությունից ստանալ աջակցություն։
Հայաստանում արդյո՞ք ժամանակին է ախտորոշվում հիվանդությունը, թե՞ գերակշռում են ուշացած ախտորոշման դեպքերը
«Ամբողջ աշխարհում հիվանդների 70 տոկոսի մոտ շատ արագ ախտորոշվում է հիվանդությունը, այսինքն՝ 30 տոկոսը որոշ ժամանակ է անցնում, մինչև այս կամ այն մասնագետի մոտ գնալով՝ նոր աշխտորոշվում է հիվանդությունը. պրոբլեմը ոչ միայն Հայաստանում է, այլ՝ ամբողջ աշխարհում։
Եթե հիվանդությունն ախտորոշվում է, ապա հիվանդը պետք է իմանա՝ ինչ հիվանդություն ունի ու իմանա՝ ինչ է իրեն սպասում։ Կա բժշկական գաղտնիք հասկացություն. առաջ հիվանդին, որի մոտ ախտորոշվում էր չարորակ ուռուցք, այդ հիվանդին չէին ասում ճիշտը, իրեն, կոպիտ ասած, սկսում էին հենց այնպես բուժել ու չէին ասում՝ «գիտես ինչ, քեզ մնացել է մեկ ամիս, կես տարի, եթե ինչ-որ հարցեր ունես լուծելու, գնա այդ հարցերը լուծի կամ էլ՝ գնա վիրահատվի»։ Փառք Աստծո, այսօրվա դրությամբ այդ հիմարությունը վերացել է։ Ինչ վերաբերում է Ցրված սկլերոզին, ես համաձայն եմ, որ ոչ բոլոր բժիշկներն են ճիշտ բացատրում հիվանդներին կամ նրանց բարեկամներին, թե ինչ է սպասվում, իսկ հիվանդը պետք է իմանա՝ եթե չզբաղվի իր առողջությունով, թեթև ընդունի ախտորոշումը, ուշ թե շուտ, հաշմանդամություն կունենա»։
Հնարավո՞ր է, ունենալով ցրված սկլերոզ, ապրել բոլորի նման և լինել հասարակության լիարժեք անդամ:
«Եթե Ցրված սկլերոզով հիվանդը հաշմանդամություն չի ունենում, ապա չեք էլ իմանա, որ ինքը հիվանդ է։ Կարող եք խոսել մարդու հետ ու չպատկերացնել, որ նա հիվանդ է, եթե, իհարկե, հիվանդը բուժում է ստանում։ Եթե հիվանդները ժամանակին ու լիարժեք բուժում ստանան, հաշմանդամությունը շատ ու շատ հեռու է գնում ու այդ մարդիկ կարողանում են լիարժեք ապրել իրենց կյանքով՝ աշխատել, ընտանիք ստեղծել և այլն»։
Կարո՞ղ են Ցրված սկլերոզով հիվանդներն ամուսնանալ ու առողջ երեխա ունենալ
«Հաշվի առնելով, որ այսօրվա հիվանդությունները մեծամասամբ կամ գենետիկորեն պայմանավորված են կամ նախապայմանավորվածություն կա, ապա Ցրված սկլերոզով հիվանդների դեպքում, իրոք, հնարավոր է, որ իրենց երեխաներն էլ կունենան Ցրված սկլերոզ։ Եթե 100 հոգուց մի ընտանիքում լինի Ցրված սկլերոզով հիվանդ, ապա դա նշանակում է, որ մյուս 99-ն էլ կարող են ունենալ, բայց, իհարկե, դա անմիջապես ժառանգություն չէ։ Եղել են դեպքեր, որ մարդիկ հարցրել են մեզ՝ «կարո՞ղ եմ ամուսնանալ», ասել եմ՝ ամուսնացեք, եթե ձեր երեխայի մոտ լինի, դա նախօրոք ոչ մեկ չի կարող գուշակել, մենք կարող ենք ասել միայն, որ նախապայմանավորվածություն կարող է լինել, բայց ես շատ դեպքեր գիտեմ, որ մարդիկ ամուսնացել են, երեխաներ են ունեցել՝ առանց որևէ պրոբլեմի»։
Բժշկի կոչը
«Մեր ժողովուրդը գրագետ, կարդացող ու հետաքրքրվող ժողովուրդ է, բայց մեր ժողովուրդն ունի երկու ծայրահեղություն՝ կամ կարող է պատահի, որ չնչին պատճառով գնա, բժիշկներին «խեղդի» ու ասի՝ «մատս ցավում է» և, ընդհակառակը, դանակը հասնում է ոսկորին՝ նոր դիմում են բժշկի։ Ցրված սկլերոզը շատ արտահայտություններ ունի՝ սկսած ձեռքի ու ոտքի թմրածությունից, տեսողության վատացումից, յուրաքանչյուր նման նշանի դեպքում պետք է դիմել բժշկի։ Ոչինչ, թող ես օրական հարյուր հիվանդ նայեմ, որոնց մատը ցավում է ու դրանց մեջից մեկ հոգու մոտ կգտնեմ Ցրված սկլերոզ կամ այլ հիվանդություն, քան թե հարյուր հոգին չգան ու մեկ տարուց հետո հիվանդը գա ու ասեմ՝ գիտես, մենք քեզ կբուժենք, բայց դու արդեն հաշմանդամություն ունես, մենք չենք կարողանա քեզ օգնել։ Դիմեք, հետազոտվեք, հիվանդությունը չի սպասում, մինչև դուք բարեհաճեք ու գնաք բժշկի մոտ»։