14/06/2022 13:51
Բավականին լուրջ ճնշման տակ ենք, քաղաքացիները մեզ ճնշում են, ասում՝ «փողոցները բացեք». հնարավոր է՝ նման որոշում կայացվի. ՔՊ-ական պատգամավոր
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը չի բացառում, որ իշխանությունները կարող են Ֆրանսիայի հրապարակն ազատել վրաններից` այդկերպ կարգավորելով քաղաքի երթևեկությունը:
«Իշխանությունները քաղաքացիների կողմից բավական ուժեղ ճնշման տակ են, որ երթևեկությունը պետք է կարգավորել ու մեր քաղաքացիները չկրեն այդ անհարմարությունները, բավականին լուրջ ճնշման տակ ենք։ Հնարավոր է, որ նման որոշում կայացվի, որովհետև այդ հավաքը չարտոնված է, եթե ուզում են հավաք անել, կարող են այնպիսի տեղ անել, որ երթևեկությանը չխանգարեն», - Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց Խաչատրյանը՝ ընդդիմությանը կոչ անելով հավաքներ անել «Օպերայի հայաթում»։
ՔՊ-ական պատգամավորը ոստիկանության գործողությունները իրավաչափ է որակում, անգամ, ըստ նրա, սահմանված չափից ավելի հանդուրժող են:
Նա վստահեցնում է՝ Հայաստանում քաղաքական որևէ ճգնաժամ չկա։
«Ճգնաժամ չեմ տեսնում, ճգնաժամ տեսնում եմ ընդդիմության մոտ, այսօր արդեն հերթապահության համար մարդ չեն գտնում, որ հերթապահի, անգամ՝ վարձով։ Ընդդիմությունը չգիտի՝ ինչով ավարտել այս ամենը», - նշեց Արմեն Խաչատրյանը։