14/06/2022 12:44
Պետական գույքի մասնավորեցման ու օտարման բնագավառում մեր քաղաքականության հիմնական նպատակներից մեկը տնտեսական աճի խթանումն է. Առնակ Ավետիսյան
Պետական գույքի մասնավորեցման ու օտարման բնագավառում քաղաքականության հիմնական նպատակներից մեկը տնտեսական աճի խթանումն է ու բնակչության սոցիալ-տնտեսական խնդիրների լուծումը, Ազգային ժողովում այս մասին հայտարարեց Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Առնակ Ավետիսյանը։
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արեն Մկրտչյանն ասաց, թե Ալավերդիում ադամանդի վերամշակման գործարանի հիմնման հետ կապված ներդրումային ծրագիր կա, ներդրողի կողմից հայտ կա՝ ձեռք բերել պետական գույք հանդիսացող շենքը։ Պատգամավորը խնդրեց մանրամասներ ներկայացնել այս թեմայով։
Առնակ Ավետիսյանն էլ ասաց, թե այդ հարցով արդեն կառավարության որոշման նախագիծ կա, որն առաջիկայում կհաստատվի ու մրցութային եղանակով պետական գույքը կօտարվի։
«Մենք կկարողանանք վերահսկողություն իրականացնել կատարվելիք ներդրումային պարտավորությունների վրա ու ապահովել ծրագրի իրականցումը», - ասաց նա։
Տարեսկզբից սկսած՝ Պետգույքի կառավարման կոմիտեի կողմից հայտարարված մրցույթների արդյունքում շուրջ 10 միլիարդ դրամի ստանձնած ներդրումային պարտավորություններ կան տարբեր տնտեսվարողների կողմից։