14/06/2022 17:34
Դատարանները այս աստիճանի քաղաքականացված, կանխատեսելի և վերահսկելի չեն եղել երբեք․ Կոչուբաև
Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է գործող իշխանության օրոք դատական համակարգի քաղաքականցմանը՝ ընդգծելով, որ թեպետ դատական գործերի մակագրման էլեկտրոնային համակարգը վերադարձվել է, սակայն մակագրությունները շարունակվում են կատարվել ըստ նախընտրության։
«Վահագն Վերմիշյանի գործով ներկայացրածս վերաքննիչ բողոքը մակագրվել է Արմեն Դանիելյանին։ Վերաքննիչի մյուս դատավորները թոշակի ե՞ն, թե՞ դատարանի նախագահ Տիգրան Սահակյանը այդքան հեղինակություն և իշխանություն չունի մյուս դատավորներին հարկադրելու կատարել պետական պատվերը։
Ձեռքով մակագրությունը վերջնականապես ոչնչացրել է արդարադատությունը կամ դրա լեգիտիմ ակնկալիքը։ Քաղաքական գործերով կա ընդհամենը երեք դատավոր, ում մենք շանս ունենք հանդիպելու․ Արմեն Դանիելյան, Ռուբիկ Մխիթարյան, Մնացական Հարությունյան։
Ավելին, օրինակ՝ Նարեկ Մանթաշյանի գործով բողոքը մակագրվել էր Մնացական Հարությունյանին․ գնաց դասերի՝ վերամակագրվեց Ռուբիկ Մխիթարյանին, հայտնեց ինքնաբացարկ՝ մակագրվեց Արմեն Դանիելյանին։ Սա է այն ամենը, ինչ պետք է իմանալ քաղաքական գործերով վերաքննության արդի ինստիտուտից։
Հատկապես մտահոգիչ է այն հանգամանքը, որ մակագրման էլեկտրոնային համակարգը վերադարձվել է, մինչդեռ մակագրությունները շարունակվում են կատարվել «Ջհանգիրյանի մեթոդով»։ Դատարանները այս աստիճանի քաղաքականացված, կանխատեսելի և վերահսկելի չեն եղել երբեք»,- գրել է փաստաբանը։