14/06/2022 21:01
Շարժման նպատակը և առաքելությունը սրբազան են․ քանի ազդարարված խնդիրները չեն լուծվել, այս շարժումը դադար չունի․ Իշխան Սաղաթելյան
ԱԺ փոխնախագահ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր, Դիմադրութան շարժման կազմակերպիչներից Իշխան Սաղաթելյանը հանրահավաքի ժամանակ հայտարարեց՝ շարժումը չի դադարի, մինչև համազգային պայքարի վերջնանպատակը չիրագործվի։
«Այստեղ ենք՝ շատ կարևոր հարցերի պատասխանելու, միասին որոշում ընդունելու, առաջ գնալու համար։ Այդ որոշումները պետք է ապահովեն մեր շարժման հետագա ընթացքը, զարգացումը, նպատակների վերջնական իրագործումը։ Նպատակը նույնն է՝ կանխել Արցախի հայաթափումը և Հայաստանի թրքացումը, չեզոքացնել Հայաստանի ինքնիշխանությանը սպառնացող վտանգները, իսկ դրան հասնելու համար պետք է հեռացնել այս չարիքի իշխանությանը, ձևավորել ազգային իշխանություն, որը կկասեցնի պետականության կործանման այս ընթացքը, կապահովի երկրի սահմանների անձեռնմխելիությունը, տարածքային ամբողջականությունը, կհաստատի արժանապատիվ խաղաղություն, պետականությունը կվերադարձնի ժողովրդին, Հայաստանը կդարձնի արժանապատիվ և բարեկեցիկ երկիր։
Ուստի այս շարժման նպատակը և առաքելությունը սրբազան են, ու քանի դեռ վերը նշված հարցերը չեն լուծվել, այս շարժումը դադար չունի»,- հայտարարեց Իշխան Սաղաթելյանը։