14/06/2022 14:49
ԱՊՊԱ չունեցող անձանց տուգանքը տարվա ընթացքում չպետք է գերազանցի 50 հազար դրամը
Հայաստանի Հանրապետության կառավարությունը ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման ոլորտում որդեգրել է մի քաղաքականություն, որի համաձայն՝ առաջնահերթությունը տրվում է ոչ թե պատժի խստությանը, այլ անձին դաստիարակելու եւ խախտում չկատարելու տրամաբանությանը, ասել է ԱԺ պատգամավոր Արմեն Խաչատրյանը՝ ներկայացնելով Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություն եւ լրացում նախատեսող օրենքի նախագիծը:
Առաջին ընթերցմամբ քննարկվող օրենսդրական նախաձեռնությունը հեղինակել են ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Արմեն Խաչատրյանը, Քրիստինե Պողոսյանը եւ Լիլիթ Կիրակոսյանը:
Ըստ հեղինակների՝ անհամաչափ է օրենսգրքում ամրագրված այն դրույթը, որը տուգանքներ է սահմանում առանց ԱՊՊԱ պայմանագրի ավտոմեքենա վարելու համար: Մասնավորապես, 129.2 հոդվածով պատասխանատվություն է նախատեսվում առանց ԱՊՊԱ պայմանագիր ունենալու տրանսպորտային միջոցների սեփականատերերի նկատմամբ: Հոդվածի առաջին մասով նախատեսված է, որ ԱՊՊԱ չունեցող անձը յուրաքանչյուր 10 օրվա համար պետք է տուգանվի 5.000 դրամի չափով, բայց ոչ ավելի, քան տարին 100 հազար դրամը: Սա նշանակում է, որ ԱՊՊԱ չունեցող անձը տարվա մեջ 20 անգամ կարող է տուգանվել: Անհամաչափ համարելով այս կագավորումը՝ հեղինակներն առաջարկում են կատարել փոփոխություն, ըստ որի՝ ԱՊՊԱ չունեցող անձանց տուգանքը տարվա ընթացքում չպետք է գերազանցի 50 հազար դրամը: Այդ նպատակով հոդվածի 2-րդ մասում առաջարկվում է ամրագրել, որ այդպիսի վարչական իրավախախտում կատարած անձը լիազորված մարմնի կողմից իրավախախտումը հայտնաբերելու պահից 24 ժամվա ընթացքում, եթե վերացնում է իրավախախտման հատկանիշները, ապա նա ազատվում է նշանակված տուգանքի 75 տոկոսի չափով վճարման պարտականությունից, եթե այդ մասին նույն ժամանակահատվածում լիազորված մարմնին ներկայացնում է համապատասխան ապացույց (ներկայացնում է տվյալ տրանսպորտային միջոցի համար կնքված ավտոտրանսպորտային միջոցի օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության գործող կամ ներկայացման պահից 24 ժամվա մեջ ուժի մեջ մտնող պայմանագիր): Սա նշանակում է, որ տվյալ անձը կտուգանվի ընդամենը 25 հազար դրամի չափով, եթե 24 ժամվա ընթացքում կնքի ԱՊՊԱ պայմանագիր:
Հարակից զեկույցում Վիլեն Գաբրիելյանը ներկայացրել է ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը:
ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Արա Ֆիդանյանը հայտնել է, որ դրական է նաեւ Ոստիկանության տեսակետը: Զեկուցողը կարեւորել է նախագծի ընդունումը: