14/06/2022 10:39
«Ժողովուրդ». Հովիկ Աբրահամյանի առանձնատան վաճառքի գործը ԱԱԾ-ում դոփում է տեղո՞ւմ, թե՞ կան բացահայտումներ
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ իրավապահ համակարգում կասկածներ կան, որ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի առանձնատան վաճառքի գործը ԱԱԾ-ում դոփում է տեղում, եւ նախաքննական մարմինը, ըստ էության, շահագրգռվածություն չունի այս գործը առաջ տանելու եւ առանձնատան վաճառքի առեղծվածը բացահայտելու:
«Ժողովուրդ» օրաթերթը դիմեց ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանին՝ հետաքրքրվելով, թե հարուցված քրեական գործի շրջանակներում արդյոք առանձնատան գնորդ Նարեկ Նալբանդյանը հրավիրվել է ԱԱԾ եւ հարցաքննվել, ինչ է բացահայտվել առանձնատան վաճառքի գործով, եւ այս ժամանակահատվածում ինչ ապօրինություններ է բացահայտել ԱԱԾ-ն, ինչ փուլում է գտնվում քրեական գործը։
Ի պատասխան մեր գրավոր հարցադրումներին՝ ԱԱԾ քննչական դեպարտամենտի ՀԿԳ ավագ քննիչ, փոխգնդապետ Լ. Թաթոյանը հայտնել է. «Հայտնում եմ, որ Ձեր հարցման մեջ նշված քրեական գործով Նարեկ Նալբանդյանը հրավիրվել է ԱԱԾ քննչական դեպարտամենտ եւ հարցաքննվել: Քրեական գործը գտնվում է նախաքննության փուլում, իսկ հայցված մյուս տեղեկությունները հանդիսանում են նախաքննական գաղտնիք եւ հրապարակման ենթակա չեն»:
Ասել է թե՝ նախաքննական մարմինը, հղում անելով նախաքննական գաղտնիքին, մեր մյուս հարցադրումներին չի պատասխանել: Եթե ԱԱԾ-ն այս երկու ամսվա ընթացքում որեւէ բան բացահայտած լիներ առանձնատան վաճառքի գործով, ապա կհայտներ, ինչը հիմք է տալիս կարծելու, որ իրավապահների մտավախությունը տեղին է, որ նախկին վարչապետի առանձնատան վաճառքի գործը ծածկադմփոց են անում քննչական այդ մարմնում»։