14/06/2022 19:30
Փաշինյանը միջազգային հեղինակավոր մամուլում շարունակում է թելել Ալիևի թելը․ Արմեն Աշոտյան
Նիկոլ Փաշինյանը թելում է Ալիևի թելը ու հրաժարվում է խոսել Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասին, ասել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ արձագանքելով «Ալ Ջազիրա» հեռուստաալիքին Նիկոլ Փաշինյանի տված հարցազրույցին։
«Խոսելով Արցախյան հիմնախնդրի մասին՝ Նիկոլ Փաշինյանը այդպես էլ չի ասել, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը լուծված չէ։ Իր ամբողջ հարցազրույցի ընթացքում նա ոչ մի անգամ չօգտագործեց «Լեռնային Ղարաբաղի հակամարտություն» բառակապակցությունը», - հայտարարել է Աշոտյանը՝ ուշադրություն հրավիրելով, որ Փաշինյանը Լեռնային Ղարաբաղի մասին խոսելիս օգտագործել է ոչ թե «հակամարտություն», այլ «հարց» եզրույթը։
Այդպիսով, ըստ Արմեն Աշոտյանի, Փաշինյանն ընդունում է, որ «հակամարտություն», որպես այդպիսին, գոյություն չունի։
«Մինչ օրս միակ մարդը, որը պնդել է, թե Լեռնային Ղարաբաղը այլևս հակամարտություն չէ, Ալիևն է, իսկ Նիկոլ Փաշինյանն արդեն երկրորդում է նրան։ Սա նշանակում է, որ Փաշինյանը միջազգային հեղինակավոր մամուլում շարունակում է թելել Ալիևի թելը և չի խոսում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարևորման անհրաժեշտության մասին»,- ընդգծել է Արմեն Աշոտյանն ու ավելացրել. «Ադրբեջանի անվտանգության խորհրդի քարտուղարի խոսքով՝ Ալիևն է խնդրել, որ ոչ ոք այլեւս չօգտագործի «Լեռնային Ղարաբաղի հակամարտություն» բառակապակցությունը, որովհետև, ըստ Ալիևի, այդ հակամարտությունը լուծված է։ Ըստ էության, դուրս է գալիս, որ Փաշինյանն էլ սատարում է Ալիևին»։