14/06/2022 18:21
Կլիմայի փոփոխության պատճառով մարդկության կեսին վտանգ է սպառնում․ ՄԱԿ գլխավոր քարտուղար
Կլիմայի փոփոխությունը լուրջ սպառնալիք է հանդիսանում Երկիր մոլորակի բնակչության մոտ կեսի համար, հայտարարել է ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը՝ Ավստրիայի համաշխարհային գագաթնաժողովի շրջանակներում։
«Կլիմայական ճգնաժամի վատագույն հետևանքները կանխելու հնարավորության պատուհանն արագ փակվում է։ Մեր մոլորակի վրա ջերմաստիճանը բարձրացել է 1,2 աստիճանով։ Սահմանված 1,5 աստիճանի շեմը չգերազանցելու համար արտանետումները մինչև 2030 թվականը պետք է կրճատենք 45 տոկոսով»,- ասել է Գուտերեշը։
Նա հավելել է, որ էներգետիկայի բնագավառում գործունեության հետևանքով 2021 թվականին ածխաթթու գազի արտանետումներն աճել են 6 տոկոսով, այդ ցուցանիշը անպայման պետք է նվազեցնել։
«Շատ երկրների կառավարություններ ժամանակ են ձգում, իսկ անգործությունը վատագույն հետևանքներով է հղի։ Կլիմայի փոփոխություններն արդեն զգացվում են, մարդկության մոտ կեսը վտանգավոր գոտում է գտնվում»,- ասել է ՄԱԿ գլխավոր քարտուղարը։