14/06/2022 10:15
«Հրապարակ». Իրավապահները խուզարկության են գնացել դատարանի նախագահի բնակարան. ԲԴԽ-ին բանավոր իրազեկել են
«Հրապարակ» թերթը գրում է. «Շաբաթ օրը Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Արմեն Շիրոյանի նախագահությամբ, բավարարեց կաթողիկոսի եղբորորդուն՝ Շենգավիթ վարչական շրջանի դատախազի տեղակալ Կորյուն Ներսիսյանին 2 ամսով կալանավորելու միջնորդությունը։ Նրան մեղադրում են մի ամբաստանյալի նկատմամբ մեղմ պատիժ նշանակելու հարցում պաշտոնեական դիրքը չարաշահելու և կաշառք վերցնելու մեջ։ Այս գործով անցնում են նաև Արմավիրի մարզի 2 դատավոր։ Մեկը դատարանի նախագահ Էդգար Հովհաննիսյանն է, մյուսը՝ դատավոր Արթուր Ադամյանը, որոնց էլ, ըստ մեղադրանքի, Ներսիսյանը միջնորդել է մեղմ պատիժ նշանակելու հարցում։ Թեև պատիժը, պարզվում է, այնքան էլ մեղմ չէ՝ հոդվածով սահմանված առավելագույն 8 տարուց 6 տարի է տվել դատարանը։
Մենք տեղեկացանք, որ իրավապահները խուզարկության են գնացել դատարանի նախագահի բնակարան, սակայն տանը հայրն է եղել և թույլ չի տվել՝ հայտարարելով, թե իր որդին վաղուց այդ տանը չի բնակվում։
Հիշեցնենք, որ դատավորի նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու համար նախաքննական մարմինը նախ պետք է դիմի ԲԴԽ-ին՝ ստանա համաձայնություն։ Սակայն խուզարկության գնացած իրավապահները շրջանցել են օրենքի դրույթը՝ ընդամենը ԲԴԽ-ին իրազեկելով, որ այսպիսի գործողություն են իրականացնում, և ԲԴԽ-ն այն ընդունել է ի գիտություն։ Պատճառաբանությունն այն է, որ խուզարկությունը դեռ քրեական հետապնդում չի համարվում։ ԲԴԽ-ից այս հարցի վերաբերյալ մեկնաբանություն չտվեցին, ասացին՝ նախաքննության գաղտնիությունից ելնելով՝ գործի հետ առնչություն ունեցող որևէ մեկնաբանություն չենք տալիս։ Սրանով ակամայից հաստատեցին մեր տեղեկությունը»։