14/06/2022 22:15
Աշխարհի ամենահարուստ մարդիկ 2022 թվականին 1,4 տրիլիոն դոլարի վնաս են կրել
Աշխարհի 500 ամենահարուստ մարդիկ 2022 թվականի ընթացքում 1,4 տրիլիոն դոլար են կորցրել, հայտնել է Bloomberg գործակալությունը, որը 2012 թվականից հրապարակում է «Միլիարդատերերի ինդեքսը»՝ տվյալներ ամենահարուստ ձեռնարկատերերի կարողության մասին։
Գործակալության նոր տվյալների համաձայն՝ ընթացիկ տարում աշխարհի ամենահարուստ 5 մարդիկ 345 միլիարդ դոլարի վնաս են կրել։ Ամենից շատ դրամական միջոցներ՝ 85,6 միլիարդ դոլար, կորցրել է Binance կրիպտոարժույթի բորսայի հիմնադիր Չանպեն Չժաոն, նրանից հետո Իլոն Մասկն է, նա 73,2 միլիարդ է կորցրել, իսկ Amazon-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսը երրորդ տեղում է, նա 65,3 միլիարդի վնաս է կրել։ Չորրորդը Meta-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգն է, նա 64,4 միլիարդ դրամի կորուստ ունի, հինգերորդ տեղում Louis Vuitton Moët Hennessy -ի նախագահ Բեռնար Առնոն է, նա 56,8 միլիարդ է կորցրել։
Միայն այս երկուշաբթի, ըստ Bloomberg-ի տվյալների, աշխարհի ամենահարուստ մարդիկ ընդհանուր առմամբ 206 միլիարդի վնաս են կրել։
Այս տարվա ֆինանսական կորուստների պատկերն ակնհայտորեն հակադրվում է 2021 ցուցանիշներին, երբ, պայմանավորված շուկաների արագ աճով, աշխարհում հարուստների թիվն աճել էր ընդհանուր առմամբ՝ 8 տոկոսով, իսկ միայն ԱՄՆ-ում՝ 13 տոկոսով։ Ասիական ու Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում 2022 թվականին հարուստների թիվն ավելացել է ընդամենը 4,2 տոկոսով, այնինչ վերջին տասնամյակում այս տարածաշրջանը հարուստների թվով առաջատար էր համարվում։
Տեղի ունեցածը, ըստ գործակալության վերլուծության, մասամբ պայմանավորված է տեխնոլոգիական ընկերությունների նկատմամբ Չինաստանի կիրառած խիստ մեթոդներով և անշարժ գույքի շուկայի պասիվացմամբ։
Bloomberg-ը հաղորդում է նաև, որ ինչպես նախկինում, այնպես էլ այժմ, աշխարհի ամենահարուստ մարդկանց 64 տոկոսն ապրում է ԱՄՆ-ում, Ճապոնիայում, Չինաստանում ու Գերմանիայում։