14/06/2022 18:43
Արամ Խաչատրյանի անվան 18-րդ միջազգային մրցույթի առաջին մրցանակակիր է դարձել Իտալիան ներկայացնող թավջութակահարը
Հանդիսավոր արարողությամբ ամփոփվել է Արամ Խաչատրյանի անվան 18-րդ միջազգային մրցույթը։ Ժյուրիի որոշմամբ առաջին մրցանակը շնորհվել է Իտալիան ներկայացնող թավջութակահար Էտտոռե Պագանոյին։ Երկրորդ մրցանակակիր է ճանաչվել Ջոու Կիտամուրան (Ճապոնիա), երրորդ մրցանակին արժանացել է Իվան Սենդեցկին (Ռուսաստան)։
Առաջին մրցանակակիրը կստանա 10 000, երկրորդ մրցանակակիրը՝ 5 000, երրորդ տեղը զբաղեցրած երաժիշտը՝ 3 000 դոլարին համարժեք դրամական պարգև։
Էտտոռե Պագանոն մրցանակաբաշխությունից հետո խոստովանել է, որ չէր սպասում, թե կհաղթի մրցույթում։
«Իհարկե, շատ տպավորված եմ և չեմ կարող նկարագրել իմ զգացմունքները»,- ասել է երիտասարդ թավջութակահարը։ Նա նաև տեղեկացրել է, որ Խաչատրյանի` թավջութակի և նվագախմբի համար գրված կոնցերտ-ռապսոդիան սովորել է հատուկ այս մրցույթին մասնակցելու համար, ուրախ է, որ այն հաղթանակ բերեց իրեն։
Երեկոյի ընթացքում շնորհվել են նաև հատուկ մրցանակներ։ Մասնավորապես, մրցույթի 1-ին փուլում Յոհան Սեբաստիան Բախի թավջութակի համար գրված ստեղծագործության լավագույն մեկնաբանության համար մրցանակ է տրվել Իվան Սենդեցկուն, վերջինս ստացել է նաև մրցույթի երկրորդ փուլում Արամ Խաչատրյանի Սոնատ-ֆանտազիայի լավագույն մեկնաբանության համար մրցանակը։
Մրցույթի 1-ին փուլում Դավիդ Պոպերի «Թավջութակի կատարողական բարձր վարպետության ձեռնարկի» էտյուդների լավագույն մեկնաբանության համար հատուկ մրցանակը տրվել է Ջոու Կիտամուրային։ Մրցույթի 2-րդ փուլում սոնատի լավագույն մեկնաբանության համար հատուկ մրցանակ է շնորհվել Էտտոռե Պագանոյին։ «Լավագույն նվագակցող դաշնակահար» անվանակարգում հաղթող է ճանաչվել Գայանե Ասլանյանը։ «Հանդիսատեսի համակրանք» հատուկ մրցանակին արժանացել է Միքայել Ոսկանյանը։
Երեկոյի ընթացքում առաջին մրցանակակիր Էտտոռե Պագանոն մրցույթի պաշտոնական նվագախմբի՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ կատարել է Խաչատրյանի Կոնցերտ-ռապսոդիան թավջութակի և նվագախմբի համար։
Արամ Խաչատրյանի անվան 18-րդ միջազգային մրցույթն անցկացվել է հունիսի 6-ից 13-ը՝ թավջութակ մասնագիտությամբ։ Մասնակցել են աշխարհի 12 երկրի 18 թավջութակահարներ։