14/06/2022 09:36
«Հրապարակ». Տաթևիկ Ռևազյանը, թեպետ պաշտոնին հրաժեշտ տվեց, սակայն անգործ չի մնա
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ պաշտոնին հրաժեշտ տվեց Քաղավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը։ Նա մի ծավալուն գրառում էր կատարել Ֆեյսբուքում՝ թվարկելով իր ու թիմի գրանցած աշխատանքի արդյունքները։ Այս 4 տարվա ընթացքում Ռևազյանը հասցրել է երկու անգամ մայրանալ, գրվում էր, որ նա ավելի շատ «դեկրետի» մեջ է եղել, քան՝ աշխատանքի։ Այդ մասին էլ է նշել Ռևազյանը․ «Կոմիտեի ղեկավար լինելու ընթացքում կյանքն ինձ օրհնեց երկու երեխաներով, բայց ես անդադար աշխատում էի»։
Իր գրառման մեջ նա շեշտել է Հայաստան մուտք գործած ազգային ավիափոխադրողի՝ «Ֆլայ Առնայի» մեկնարկի մասին՝ դա համարելով կարևոր քայլ Հայաստանի համար մրցունակ և անվտանգ ազգային փոխադրող ունենալու հարցում։ Վերջում ընդգծել է, որ որոշել է վերադառնալ բիզնեսի աշխարհ: Այս գրառումից հետո շատերը հիշեցին, թե ինչպես Տաթևիկի օրոք հայկական ավիացիան հայտնվեց ԵՄ «սև ցուցակում»։
Մենք տեղեկացանք, որ Տաթևիկ Ռևազյանը պատահական չէր տալիս «Ֆլայ Առնայի» անունը։ Լուրեր կան, որ նա աշխատանքի է տեղափոխվելու այս ընկերություն։ Փորձեցինք տեղեկությունը ճշտել անձամբ նրանից, սակայն Ռևազյանը չպատասխանեց մեր զանգերին։ Ավելի ուշ մեզ զանգահարեց նրա օգնական Լիլիթը։ Խնդրեցինք մեկնաբանել այս տեղեկությունը։ Նա դժվարացավ Տաթևիկի անունից մեկնաբանել, բայց խոստացավ փոխանցել նրան, որ երբ հարմար լինի, մեզ հետ կապ հաստատի։ Բայց մինչև օրվա ավարտն այդպես էլ չզանգահարեց»։