14/06/2022 19:40
Փաշինյանի կողմից ԼՂ խնդրին առաջիկայում անդրադառնալու հույսն ավելի շատ դիվանագիտական համատեքստում է տեղավորվում. Քաղաքագետ
Երբ ՀՀ վարչպետն «Ալ Ջազիրայի» եթերում հայտարարում է, որ հույս կա առաջիկա ժամանակներում անդրադառնալ ԼՂ խնդրին, նրա ասածն ավելի շատ դիվանագիտական համատեքստում է տեղավորվում, քանի որ բոլորն էլ հասկանում են, որ այս փուլում հակամարտության լուծումն անիրատեսական է, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց քաղաքագետ Արմեն Վարդանյանը։
Նրա խոսքով՝ փոխարենն իրատեսական է կոնֆլիկտի սրացում թույլ չտալը։
«Դրա համար պետք է ճկուն դիվանագիտություն դրսևորել։ Իհարկե, դիվանագիտության մեջ երբեմն ասվում են բաներ, որոնք իրատեսական չեն. դա նույնիսկ հայտարարություն անողներն են գերազանց հասկանում։
Այն, որ Նիկոլ Փաշինյանն ասում է՝ ԼՂ հակամատությունը պետք է լուծվի, վստահ եմ, որ ինքն էլ շատ լավ հասկանում է՝ գոնե հիմա դա անիրատեսական է։ Բայց այդպիսի կառուցողական դիրքերից հանդես գալով՝ ՀՀ վարչապետն ամեն ինչ անում է՝ նոր պատերազմ թույլ չտալու համար»,- նշեց Արմեն Վարդանյանը։
Քաղաքագետի համոզմամբ՝ պետք է գործադրել ցանկացած ջանք, որպեսզի ԼՂ կոնֆլիկտը նորից չէսկալացվի, նոր ռազմական բախումներ տեղի չունենան։
«Բայց, կրկնում եմ, բոլորն էլ հասկանում են, որ հակամարտության լուծումը շատ հեռու և բարդ է․ամեն դեպքում, ամենավատ բանակցությունները պատերազմից գերադասելի են»,- ասաց մեր զրուցակիցը։
Արմեն Վարդանյանի խոսքով՝ Հայաստանը չպետք է թույլ տա, որ նոր պատերազմ սկսվի, քանի որ ակնհայտորեն պատրաստ չէ դրան։