15/06/2022 18:30
Դաշտանային ցիկլի խանգարումներ. հետազոտություններ, հիգիենա
Դաշտանային ցիկլը երկու դաշտանների առաջին օրերի միջև ընկած ժամանակահատվածն է, որի ընթացքում օրգանիզմում տեղի են ունենում բարդ փոփոխություններ։
Առաջին դաշտանը սովորաբար սկսվում է 12-15 տարեկանում, կանոնավորվում է մեկ տարվանից մինչև մեկուկես տարվա ընթացքում, հասկանալու համար կանոնավորվել է, թե ոչ` պետք է սպասել երկու տարի։ Դաշտանային ցիկլը ավարտվում է 45-ից 55 տարեկանում։
Դաշտանը սեռական ուղիներից արյունային արտադրություն է, որը հետևանք է ձվաբջջի ոչնչացման, էնդոմետրիումի ֆունկցիոնալ շերտի շերտազատման և դուրսմղման։ Դաշտանային ցիկլի տևողությունը նորմայում 21-ից 35 օր է, արյունային արտադրությունը տևում է 3-5 օր։
Նորմայում արյան կորուստ համարվում է 50-150 միլիլիտր՝ կախված տևողությունից։
Դաշտանային ցիկլի բնականոն ընթացքը կնոջ վերարտադրողական առողջության կարևորագույն ցուցիչներից է։ Խանգարումը ազդակ է օրգանիզմի ախտաբանական գործընթացի։
Խանգարումը՝
- Դաշտանի բացակայություն (ամենորեա)
- Առատ դաշտան (պատճառները՝ արգանդի էնդոմետրիոզ, արգանդի միոմա, ներարգանդային պարույր, ինքնաբեր վիժում, էնդոմետրիումի բորբոքումը, արյան մակարդակի խանգարումները)
- Սակավ դաշտան (պատճառները՝ քաշի կորուստ, էնդոկրին խանգարումներ, մշտական սթրես, վիտամինների պակաս, հակաբեղմնավորիչների ընդունում)
- Երկարատև դաշտան
- Հաճախակի դաշտան
- Ցավոտ դաշտան
Երբ դաշտանային ցիկլը բացակայում է 6 ամսվա ընթացքում, հղիության հերքման դեպքում այդ բացակայությունն ահազանգում է ցիկլի խանգարման մասին։
Այնուամենայնիվ, առաջին ամսվա խանգարման դեպքում էլ պետք է դիմել բժշկի։ Դեռահասների դեպքում խանգարումը հաճախ պայմանավորվում է սննդակարգերի պատճառով, քաշի նվազմամբ կամ ճարպակալմամբ։
Հետազոտությունները՝
- Հորմոնալ թեստեր
- Փոքր կոնքի սոնոգրաֆիա
- Համակարգչային տոմոգրաֆիա
- Ուլտրաձայնային հետազոտություն
Բուժումն արվում է պատճառների հիմամբ, էնդոկրինոլոգի և գինեկոլոգի համատեղ միջամտությամբ։
Դաշտանի ընթացքում խիստ կարևոր է հիգիենան. լոգանք պետք է ընդունել օրվա ընթացքում երկու անգամ, կարևոր է հագնել բնական գործվածքներից ներքնազգեստներ, չմոռանալ 2-3 ժամը մեկ փոխել միջադիրը։
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։
Բաժնի բոլոր նյութերին կարող եք ծանոթանալ ԱՅՍՏԵՂ։