15/06/2022 19:00
Մաստակի օգուտներն ու վնասները. Խորհուրդներ ատամնաբույժից
Մաստակի՝ օրգանիզմի վրա ունեցած դրական ու բացասական ազդեցության մասին Aysor.am-ը զրուցել է ատամնաբույժ Արևիկ Մովսիսյանի հետ.
«Ուտելուց հետո մաստակ ծամելը կարող է մաքրել ձևավորված փառը և վերացնել սննդի փոքր մասնիկները: Այն դեպքերում, երբ ատամի խոզանակ և թել չկա, մաստակը կարող է մասամբ կատարել այդ գործառույթները և ապահովել բերանի խոռոչի նվազագույն հիգիենա: Թքի ավելացումը թույլ է տալիս ոչ միայն վերականգնել թթու-բազային հավասարակշռությունը, այլև ապահովում է սննդի մասնիկների վերացումը»։
Մաստակը մերսող ազդեցություն ունի լնդերի վրա՝ լավացնելով արյան շրջանառությունը։ Այն օգնում է նաև ականջների խցանման և սրտխառնոցի դեպքում՝ նվազագույնի հասցնելով անհարմարությունները։
Ատամնաբույժը նշեց, որ ուտելուց հետո մաստակ ծամելը խթանում է աղիների արտազատական և շարժիչ գործառույթները: Բացի այդ, ստամոքսը ակտիվորեն արտադրում է ստամոքսահյութ և ֆերմենտներ։ Այս գործընթացների համակցումը հանգեցնում է սննդի ավելի լավ մարսողության և նյութափոխանակության գործընթացների արագացման:
Չնայած բավականին մեծ թվով դրական կողմերին, մաստակն ունի նաև բացասական ազդեցություն:
Մաստակի երկարատև ծամումը, հատկապես, եթե դա տեղի է ունենում դատարկ ստամոքսին, կարող է հանգեցնել ստամոքսահյութի ավելորդ արտադրության՝ հրահրելով աղեստամոքսային տրակտի մի շարք լուրջ հիվանդությունների զարգացում:
«Կարող է առաջանալ ծնոտների կապանների և մկանների բնականոն գործունեության խախտում. կապանային ապարատի նման ծանրաբեռնվածության հետևանք կարող է լինել գլխացավը։ Մաստակը կարող է վնասել ատամի էմալը, լցոնման նյութը և օրթոդոնտիկ կառուցվածքները (կամուրջներ, պսակներ և այլն)՝ թուլացնելով դրանք», - ասաց Արևիկ Մովսիսյանը։
Մաստակի հաճախակի և երկարատև ծամումը կարող է հանգեցնել դեմքի համաչափության խախտման՝ մկանների միակողմանի մեծացման պատճառով։ Բացի այդ, հաճախակի ծամելու շարժումները հրահրում են կնճիռների ձևավորում։
Ատամնաբույժը խորհուրդ տվեց մաստակ ծամել ոչ ավելի, քան 5 րոպե և միայն ուտելուց հետո։ Շատ դեպքերում մաստակը չի վերացնում բերանի տհաճ հոտը, այլ միայն քողարկում է այն։ Հոտի պատճառն առավել հաճախ ատամների, ԼՕՌ օրգանների և մարսողական համակարգի հիվանդություններն են։
Մաստակ ընտրելիս անհրաժեշտ է նախապատվությունը տալ հեղինակավոր արտադրողներին և մեծ ուշադրություն դարձնել արտադրանքի բաղադրությանը։ Մաստակ օգտագործելիս հատուկ խնամք պետք է ցուցաբերեն բերանի խոռոչի և մարսողական համակարգի հիվանդություններ ունեցող մարդիկ, հղի և կերակրող կանայք, երեխաները:
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։
Բաժնի բոլոր նյութերին կարող եք ծանոթանալ ԱՅՍՏԵՂ։