15/06/2022 20:30
Սեպսիս. Ժամանակին չբուժելը կարող է հանգեցնել սեպտիկ շոկի, մահվան
Սեպսիսն օրգանիզիմի պատասխան ռեակցիան է ինֆեկցիայի հանդեպ, ժամանակին չախտորոշելու, չբուժելու դեպքում կարող են առաջանալ սեպտիկ շոկ, բազմաօրգանային անբավարարություն, մահ։
Թիրախային խմբում են հատկապես նորածինները, հղի կանայք։
Սեպսիսը կյանքին վտանգ սպառնացող վիճակ է. ուղեկցվում է օրգանիզմի՝ վարակի հանդեպ ոչ ադեկվատ պատասխանով։ Որպես կանոն, երբ վարակը թափանցում է օրգանիզմ, իմունային համակարգը փորձում է պայքարել դրա դեմ՝ առաջացնելով տեղային բորբոքում, որ ավարտվում է լավացումով։
Սեպսիսի դեպքում օրգանզիմը չի կարողանում տեղայնացնել բորբոքային գործընթացը, այն տարածվում է ամբողջ օրգան համակարգերով՝ հանգեցնելով օրգան-համակարգերի ֆունկցիայի խանգարումների, անբավարարության։
Վարակը օրգանիզմ կարող է թափանցել ցանկացած ճանապարհով՝ մաշկի, ստամոքսաաղիքային տրակտի, շնչառական համակարգի, ներերակային կաթետերների, միզային կաթետերների միջոցով։
Սեպսիսի առաջացման հիմնական պատճառը վարակն է, որ կարող է լինել բակտերիալ, պարազիտար, սնկային, վիրուսային։
Սեպսիսի դեպքում սպեցիֆիկ կլինիկական ախտանշաններ չկան, փոխարենը կան բազմաթիվ ախտաբանական նշաններ՝ բարձր, նաև ցածր ջերմություն, հաճախասրտություն, զարկերակային ճնշման անկում, հաճախաշնչություն, դող, սարսուռ, քրտնարտադրություն, գիտակցության խանգարումներ, դիզօրիենտացիա (կողմնորոշման խանգարում), ընդհանուր թուլություն, երբեմն մաշկի դեղնախտային գունավորում։
Ախտորոշումը՝
• Արյան ընդհանուր քննություն
• Արյան կենսաքիմիական հետազոտություն
• Արյան ցանքս
• Բակտերիալ կուլտուրաների հայտնաբերում
• Արյան գազային կազմի հետազոտություն
• Գործիքային հետազոտություններ
Սեպտիկ շոկը սեպսիսի ծանրագույն բարդություններից մեկն է, որ բնորոշվում է արյան շրջանառության սուր և կայուն խանգարմամբ։ Կարիք կա դեղորայքների ներմուծման՝ կարգավորելու զարկերակային ճնշումը, հյուսվածքների և օրգանների արյան մատակարարումը։
Ինֆեկցիայի՝ օրգանիզմ ներթափանցման դեմ բոլոր կանխարգելման միջոցառումները օգնում են կանխարգելել սեպսիսը։ Եթե արդեն օրգանիզմ ներթափանցել է վարակ, պետք է անհապաղ դիմել բժշկի։
Բուժումը՝
Բակտերիալ օջախի վերացում՝ վիրաբուժական և դեղորայքային մեթոդներով։ Ընդհանուր ռեանիմիացիոն միջոցառումներ, որ միտված են կյանքը փրկելու։
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։